Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն, նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են:
Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)՝ նշելով, որ նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Իսկ այսօր Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։
ԱԻՊԾ-ից նշում են, որ նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը։
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1499 է: