Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր՝ փետրվարի 27-ին, վերջապես հրապարակել է փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը զոհված հինգ ադրբեջանցի զինվորների անունները՝ Աբդուլաև Աղշին Իսմայիլ օղլու, Նազարով Շահլար Յաշար օղլու, Գաշիմլի Թուրալ Աբդուլ օղլու, Գադիմով Զուլֆի Ռեգիմ օղլու և Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլու։
Նախարարությունը նշել է, որ զինվորների մարմինները նախատեսված էր չեզոք գոտուց դուրս բերել փետրվարի 26-ին ժամը 12-ին ԵԱՀԿ և ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ։ Սակայն, ըստ ադրբեջանական կողմի, «հայկական կողմը խախտել է նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և գործընթացը խոչընդոտելու նպատակով անընդունելի պահանջներ է առաջ քաշել»։
Մինչդեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ երեկ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը՝ ընդգծելով, որ փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փետրվարի 26-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, պետք է տեղի ունենար չեզոք գոտում հայտնված ադրբեջանական դիակների դուրս բերման գործընթացը:
Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին ժամը 3-ի և 4-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: Պաշտպանության բանակը ժամանակին հավաստանշել է ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր, զոհված ադրբեջանցիների մի քանի դիակ չեզոք գոտում։
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նաև ներկայացրեց գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված հարձակողական գործողությունների մասին վկայող երկու տեսագրություն: Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ
ա/ հակառակորդի կողմից ականազերծման <<ՏՐՈՊԱ>> տիպի տեխնիկայի կիրառումը
բ/ հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը
գ/ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը
Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ
ա/ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը
բ/ հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր: