Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու համար Ռուսաստանի Դաշնությանպաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) նյութատեխնիկական ստորաբաժանման մասնագետները Ասկերան գյուղում 60 հոգու համար կառուցել են նոր բլոկ-մոդուլային ավան:
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ դա խաղաղապահ զորամիավորման անձնակազմի համար կառուցված ավաններից թվով 9-րդն է։
Ընդգծվում է, որ բլոկ-մոդուլային ավանների կառուցումը հնարավորություն է տալիս հարմարավետ կենսապայմաններ ապահովել անձնակազմի համար և հրաժարվել սննդի, լոգարանի և լվացքի կետերից, դաշտային պահեստներից:
«Բլոկ-մոդուլային ավաններն ամբողջովին ինքնաբավ օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսապահովման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, կոյուղի): Բնակելի սենյակները հագեցած են կահույքով (մահճակալներ, պահարաններ, խոհանոցային հավաքածուներ, սեղաններ, աթոռներ, ցնցուղներ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարաններ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ, հեռուստացույցներ, օդորակիչներ, կաթսաներ)»,-մանրամասնում են ՌԴ ՊՆ-ից՝ հավելելով, որ յուրաքանչյուր ավանի տարածքում կա արհեստական խոտածածկով մարզահրապարակ, լոգարան, բժշկական կենտրոն, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան և մթերային խանութ:
Բլոկ-մոդուլային ավաններն արտադրվում են մասնագիտացված արդյունաբերական ձեռնարկությունների կողմից՝ Ռուսաստանի Դաշնության չափորոշիչների և տեխնիկական պայմանների պահանջներին համապատասխան։