Այսօր՝ մարտի 10-ին, եռօրյա այցով Բաքու է ժամանել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այցի ընթացքում Կլաարը հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բանակցությունների և խորհրդակցությունների շրջանակում լինելու են Ղարաբաղում պատերազմի հետևանքներին, տարածաշրջանային զարգացմանը և ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցերը:
Հիշեցնենք՝ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-ին էլ Հայաստանում էր։ Ինչպես տեղեկացրել էր կառավարության լրատվության վարչությունը՝ պատվիրակությանն ընդունած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել էր Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները, այն հիմնական սոցիալական և տնտեսական բացասական հետևանքները, որոնց հաղթահարման ուղղությամբ ներկա պահին ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում: Աղբյուրի փոխանցմամբ՝ շեշտվել էր նաև ռազմագերիների շուտափույթ վերադարձի կարևորության մասին:
«ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտնել է եվրոպական կողմի պատրաստակամությունը շարունակելու աջակցել Հայաստանին, այդ թվում` պատերազմի հետևանքների վերացման գործում»,-փոխանցել էին ՀՀ կառավարությունից: