Ադրբեջանի նախագահի, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն՝ մարտի 15-ից ադրբեջանական բանակում կսկսվեն օպերատիվ-մարտավարական լայնամասշտաբ զորավարժություններ՝ տարատեսակ զինտեխնիկայի և 10 000 զինծառայողի մասնակցությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը (ՊՆ), հայտնում են, որ 4-օրյա զորավարժություններին կներգրավվեն զինված ուժերի 10 000 ներկայացուցիչ, շուրջ 100 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրետանային կայանք, հրթիռային համակարգեր, 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։
«Վարժանքները կանցկացվեն բարդ ռելիեֆ ունեցող լեռնային տարածքներում։ Հաշվի առնելով Հայրենական պատերազմում ձեռք բերված մարտական փորձը՝ ուշադրության կենտրոնում կլինի զորքերի կառավարումն ու նրանց մարտունակության բարձրացումը»,-ասված է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունում, որում ընդգծվում է նաև, որ զորքը կկատարի հակաահաբեկչական և ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարին միտված առաջադրանքներ։
Հիշեցնենք՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի ներքո այս օրերին ընթանում են նաև թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները՝ այս տարվա թվով երկրորդը․ թուրք և ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություն էին անցկացրել նաև 2021-ի փետրվարի 1-12-ը՝ Կարսում։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը