ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԶՈւ ղեկավար կազմի հայտարարությունը, որում ասված է․
«ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։
Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելուց հետո՝ փետրվարի 25-ին, Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, իր վճռական բողոքը հայտնեց այդ առնչությամբ՝ տարածած հայտարարությամբ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը։ Ընդգծվեց, որ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»: Հայտարարությւոնը ստորագրած ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաները համոզմունք էին հայտնել, որ «վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:
Այսօր ՀՀ վարչապետը հայտարարեց Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի (ԶՈւ ԳՇ) պաշտոնից ազատված է համարելու մասին, որից հետո Օնիկ Գասպարյանը հանդես եկավ ուղերձով՝ տեղեկացնելով, որ դիմել է ՀՀ վարչական դատարան, քանի որ համարում է, որ ինչպես վարչապետի հայտարարությունը, այնպես էլ իրեն պաշտոնից ազատելու ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը, գեներալի գնահատմամբ՝ հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը