Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու փաստերը քննելու պահանջով:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր դիմումում նշել է, որ Արման Բաբաջանյանն իր հնչեցրած արտահայտություններով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իր՝ որպես ԱԺ–ում հարցի քննարկման մասնակցի հանդեպ, դրսևորել պատգամավորին ոչ վայել վարքագիծ: Նա պահանջել է նաև ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ հարցը քննելու համար:
Արման Բաբաջանյանը, հիշեցնենք, ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի մարտի 3-ի նիստում դիմելով ԲԴԽ նախագահին` ասել էր.
«Դուք չգիտեք, թե ինչ ղալաթ է բերել ձեր գլխին նոյեմբերի 15-ին արած հայտարարությամբ։ Եկել եք, սատանի մայլեն քյանդրբազություն եք անում, բոլոր տեսակի ձեր պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն»:
Նիստի այդ հատվածը դիտեք 2:50:52 րոպեից։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը 2020-ի նոյեմբերի 15-ին արած հայտարարությամբ, երբ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրներին կալանավորելու հարցը, հղում կատարելով վերջինի կողմից հնչեցրած հարտահայտությանը, դիմել էր դատավորներին՝ ասելով, թե եկել է պահը տալու «ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։