«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը ներկայացրել է շահառուների քանակի վերաբերյալ հաշվետվություն։
Ըստ այդմ՝ 2021թ.-ի Մարտի 09-ի դրությամբ «Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1133 շահառուներ, նրանցից 118-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է, 1015-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են:
Հիմնադրամից նշում են, որ հիմնական շահառուների թիվը նույնպես փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի արդյունքում զոհված ևս 121 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը` 1862-ն է, որից 1450-ը` այս պատերազմի արդյունքում:
«Կամուրջ» ծրագրի շահառու են դառնում այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է հավանականությունը1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու։ Նույն ծրագիրը հատուցումներ է տրամադրում նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։