Կանանց միջազգային օրն է․ շնորհավորական ուղերձներ են հղել Փաշինյանը, Սարգսյանը - RadioVan.fm

Онлайн

Կանանց միջազգային օրն է․ շնորհավորական ուղերձներ են հղել Փաշինյանը, Սարգսյանը

2021-03-08 14:57 , Политика, 899

Կանանց միջազգային օրն է․ շնորհավորական ուղերձներ են հղել Փաշինյանը, Սարգսյանը

Մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը, որը աշխարհում ավանդաբար տոնվում է որպես կանանց համերաշխություն, հավասար իրավունքների և ազատության համար պայքարի օր։

Կանանց միջազգային օրը Հայաստանում տոնական է՝ ոչ աշխատանքային:

Տոնի առիթով շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը։

Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է

«Սիրելի՛ կանայք,

«Սիրելի՛ կանայք,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով։ Այս տոնը մեր հանրության շրջանում նշվում է առանձնակի ջերմությամբ, մեծարանքով, ինչը վկայում է մեր հանրության մեջ կանանց առանձնահատուկ դերի եւ ունեցած անգնահատելի ներդրման մասին, ինչը նաեւ ձեր ամուսինների, եղբայրների, հայրերի եւ որդիների կողմից ձեր նկատմամբ ունեցած հարգանքի ու անսահման սիրո արդյունք է:

Առանձնահատուկ ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր զինծառայող եւ կամավոր կանանց հիշատակի առաջ, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:

Ակնածանքի խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց հերոս զավակները, ամուսիններն ու եղբայրներն Արցախյան պատերազմում ընկան հերոսաբար:

Ջերմորեն շնորհավորում եմ նաեւ այն կանանց, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրներն այսօր էլ կանգնած են սահմաններին ու շարունակում են իրենց հայրենանվեր ծառայությունը, ու նաեւ այն կանանց, որոնք հենց իրենք են կանգնած եղել կամ այսօր էլ կանգնած են հայրենիքի պաշտպանության առաջնագծում:

Հայրենիքի պաշտպանության գործում ձեր, ձեր որդիների, ամուսինների ու եղբայրների ցուցաբերած քաջությունն ու հայրենասիրությունն օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար:

Սիրելի՛ կանայք,

ձեր իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կարեւոր է արձանագրել, որ մեր երկրում դեռ շատ անելիքներ կան կանանց դերի բարձրացման, հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման համար։ Պետք է նաեւ արձանագրել, որ պետությունը ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի հնարավորություններ, որոնք ձեզ թույլ կտան դրսեւորել ձեր բոլոր ստեղծարար կարողությունները, գիտելիքները, զգալ ձեզ առավելագույնս պաշտպանված ու գնահատված:

Ձեր շնորհիվ են նաեւ պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, ամուր հայկական ընտանիքը: Ձեր նվիրվածության եւ մեծ ուժի արդյունքում է, որ կարողանում եք մեր ազգի համար դաստիարակել կիրթ ու հայրենասեր սերունդներ:

Սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր,

եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առիթով՝ մաղթելով ընտանեկան ջերմություն, բարձր տրամադրություն, մասնագիտական հաջողություններ եւ նորանոր նախաձեռնություններ»։

Նախագահ Արմեն Սարգսյանն էլ, շնորհավորելով կանանց ու աղջիկներին, ուղերձում ընդգծել է․

«Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը:

Պատահական չէ, որ մեր արժեհամակարգում կնոջ հանդեպ վերաբերմունքը սիրո, հարգանքի ու մեծարանքի վրա հիմնված խոր արմատներ ունի: Իսկ ամենից առաջ կինն ընտանիքի և օջախի ջերմությունն ու ամրությունն է, ոգևորության ու ներշնչանքի աղբյուր:

Պետության և մեր ընտանիքների համար այս ծանր օրերին ամուր եղեք և շարունակեք ամրացնել երկրի ու ազգի ապագայի հիմքերը:

Դուք ազգապահպան առաքելություն ունեք, որը նվիրումով եք իրականացնում բոլոր ժամանակներում եւ բոլոր իրավիճակներում:

Առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք բոլորիդ, ձեր ընտանիքներին և օջախներին»:

Лента

Рекомендуем посмотреть