Ապատեղեկատվություն են լուրերը, թե «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ»:
Այդ մասին տարածած հաղորդագրությամբ վստահեցնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՊՆ)։
«Սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներով շարունակվում են ապատեղեկատվությունները` ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ: Մասնավորապես, տեղեկություններ են շրջանառվում, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ» և այլն:
Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց»,-ասված է ՊՆ հայտարարությունում։
Հավելենք՝ երեկ ավելի վաղ էլ ՊՆ-ն հերքել էր տեղեկությունը, թե «Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում»»։