Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին այսօր պաշտոնապես հանձնվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը։
Այն շախմատիստին հանձնվել է ԲՈւՀ-ի գիտական խորհրդի հերթական նիստի աշխատանքների մեկնարկից առաջ՝ ռեկտոր Դավիթ Խիթարյանի կողմից։
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից հիշեցնում են, որ ԼևոնԱրոնյանը ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացել է դեռ 2020 թվականին, սակայն կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ վկայագրի հանձնման արարողությունը պարբերաբար հետաձգվել է։
Հիշեցնենք՝ Լևոն Արոնյանը օրերս հայտնեց, որ «ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելով՝ կայացրել է հարազատ երկրից հեռանալու բեկումնային որոշում»։
Երեկ շախմատիստին է դիմել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու Հայաստանից հեռանալու որոշումը։