«Ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար»․ ԱԳՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

«Ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար»․ ԱԳՆ խոսնակ

2021-03-05 15:11 , Политика, 964

«Ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար»․ ԱԳՆ խոսնակ

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա»,-այդ մասին ի պատասխան լրագրողների հարցին՝ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հարցերն ու պատասխաններն ամբողջությամբ՝ ստորև․

«Հարց. Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել է, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ:

Պատասխանը. Կրկնում եմ հերթական անգամ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա:

Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:

Հարց. Ադրբեջանի նախագահը կրկին նշել է, որ լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով: Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները:

Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում: Մեզ համար ակնհայտ է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են»:

Лента

Рекомендуем посмотреть