Պատերազմում վիրավորված փրկարարները կշարունակեն ծառայել այլ հաստիքներում․ փոփոխություն՝ որոշումներում - RadioVan.fm

Онлайн

Պատերազմում վիրավորված փրկարարները կշարունակեն ծառայել այլ հաստիքներում․ փոփոխություն՝ որոշումներում

2021-03-04 18:36 , Политика, 1062

Պատերազմում վիրավորված փրկարարները կշարունակեն ծառայել այլ հաստիքներում․ փոփոխություն՝ որոշումներում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) առաջարկով, այսօր ՀՀ կառավարությունը փոխել է իր՝ 2019 թվականի փետրվարի 15-ի «Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը, համաձայն որի վերջույթի բացակայությունից կամ անդամահատումից հետո փրկարարը ճանաչվում է ոչ պիտանի փրկարար ծառայության համար։

ԱԻՆ-ից հայտնում են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջան զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններին մասնակցել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայողները: Այժմ էլ նրանք մասնակցում են ռազմական գործողությունների տարածքից զոհվածների դիերի դուրսբերման աշխատանքներին, ինչը լի է տարբեր տեսակի ռիսկերով և վտանգներով, մասնավորաբար՝ ականի պայթյունի հետևանքով կարող է առաջնալ փրկարարական ծառայողների վերջույթի բացակայություն կամ անդամահատում:

«Վերջին դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 19-ին՝ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում` պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս, ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը»,-ասված է նախագծում:

Վերոնշյալ փոփոխության արդյունքում մի շարք բացառություններ կսահմանվեն․ պատերազմի ընթացքում ու դրանից հետո փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կատարման ընթացքում վիրավորված փրկարարները հնարավորություն կունենան շարունակելու ծառայությունը ֆիզիկական պատրաստվածության կամ օպերատիվ աշխատանքների հետ անմիջականորեն կապ չունեցող հաստիքներում՝ նյութատեխնիկական, ինժեներատեխնիկական, բժշկական, կադրային, ինֆորմացիոն հաշվիչ կենտրոն, դասախոսական կազմ, գիտաշխատող և այլն:

ԱԻՆ-ից ընդգծում են, որ ներկայում էլ նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ծառայում են հենաշարժողական և տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք, որոնք ենթաօրենսդրական սահմանափակումների պատճառով զբաղեցնում են Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում առկա այլ հաստիքները, սակայն որոշման մեջ կատարված փոփոխությունը կօգնի նրանց տեղափոխվել այլ հաստիքների, իսկ պատերազմում վիրավորված այլ անձանց՝ ծառայության անցնել ԱԻՆ փրկարար ծառայությունում՝ լուծելով զբաղվածության և սոցիալական խնդիրները:

Лента

Рекомендуем посмотреть