Ունենք հիվանդացության աճ, պետք է վերադառնալ դիմակների և կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը․ նախարար - RadioVan.fm

Онлайн

Ունենք հիվանդացության աճ, պետք է վերադառնալ դիմակների և կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը․ նախարար

2021-03-04 16:00 , Другие, 1556

Ունենք հիվանդացության աճ, պետք է վերադառնալ դիմակների և կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը․ նախարար

«Վերջին ընթացքում մենք ունենք հիվանդացության աճ. երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է: Եթե մենք հունվար, փետրվար ամիսների սկզբին ունեինք թեստավորվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք, հիմա արդեն 16 տոկոս է, և մեր կանխատեսումներով՝ հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա»,-համավարակի ներկա վիճակն այսօր կառավարության նիստի մեկնակին ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա ընդգծել է, որ պետք է վերադառնալ դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը.

«Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է ամեն բան անենք, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը: Հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնենք, որ առաջիկա օրերին՝ Մարտի 8-ի հետ կապված, ունենալու ենք բավական շարժի ավելացում և՛ առևտրային կենտրոններում, և՛ հյուրատներում, ուստի խնդրում եմ, հորդորում եմ և վերահսկողական մարմինների առանձնակի ուշադրությունն եմ հրավիրում՝ տրանսպորտում, առևտրային կենտրոններում, հյուրատներում հստակ հսկողությունն պետք է իրականացվի: Եվ անկախ հսկողությունից էլ, մեր կարգապահությամբ պիտի ներդրում ունենանք պաշտպանելու մեր առողջությունը, մեր տնտեսությունը: Մենք այսօր արդեն իսկ վերսկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները: Ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը: Հընթացս կավելացնենք մահճակալների թիվը: Բայց անգամ եթե մենք ի վիճակի լինենք բոլորին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու, գիտեք, որ հիվանդացությունը մոտ 20 տոկոսի մոտ ունի ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթաց»:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ հայտնել է, որ այսօր քննարկում է նախատեսված շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ թիրախային վերահսկողությունն ուժեղացնելու համար:

«Ինչպես մեր սեփական փորձը ցույց տվեց, մենք լավ հաջողություններ ենք ունեցել դա անելով՝ ամռանը, նաև աշնանն ենք կարողացել դիմանալ: Հույս ունեմ այս անգամ էլ կկարողանանք դիմակայել նոր ալիքին»,- նշել է Թորոսյանը:

Վարչապետ Փաշինյանը Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ նորություն կա պատվաստանյութերի հետ կապված:

«Որոշակի դանդաղում կա գործընթացների, բայց մեր գործընկերների, այլ երկրների հետ փորձում ենք այնպես անել, որպեսզի հասանելիությունը զարգացող երկրներին ապահովվի: Հույս ունենք, որ գարնան ընթացքում մենք պիտի արդեն առաջին խմբաքանակն ունենանք: Ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կքնման փուլում է: Ակնկալում ենք առաջին ամսվա մեջ նաև այս խմբաքանակի ներկրումը»,-ի պատասխան ասել է նախարարը՝պատվաստանյութերի ներկրման և պատվաստման գործընթացին զուգընթաց՝ մեկ անգամ ևս կարևորելով դիմակների կրումը։

«Դա մեր որոշումը չէ, համընդհանուր մոտեցում է, որը նաև մենք պիտի պահպանենք: Մի այսպիսի թյուրըմբռնում էլ կա, որ եթե մարդիկ վարակվել և լավացել են, ապա ավելի դժկամությամբ ենք դիմակներ կրում: Բայց մենք ապացուցված որևէ գիտական մոտեցում չունենք, որ այս շտամերով նրանց կողմից վարակումը բացառված է: Ուստի խնդրում եմ, անգամ եթե վարակվել և առողջացել են քաղաքացիները, պահպանեն այս կանոնները»,-ընդգծել է առողջապահական գերատեսչության ղեկավարը։

Лента

Рекомендуем посмотреть