ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Վազգեն Մանուկյանն իրեն հասցեագրված մեղադրանքը չի ընդունում։
«Անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում՝ ինչ հարցեր են տալու, որովհետև ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք էլ չեմ տալու: Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ այդ նախադասություններն ի՛նչ են նշանակում: Ես ինքս ոչ մի ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ»,-այսօր առավոտյան Քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործը որակելով քաղաքական հետապնդում։
«Մեր երկրում վերջին երկուսուկես տարվա ընթացքում գոնե ամիսը մեկ խախտվում է Սահմանադրությունը, խախտվում են հիմնական օրենքները, ըստ որում՝ երկրի ղեկավարի կողմից։ Պատերազմի ավարտից հետո՝ արդեն ոչ ռազմական վիճակում, ինքը շարունակում է Ադրբեջանին տալ Սյունիքի հողերը։ Դա նշանակում է ամենամեծ հանցագործությունը, որը կարող է կատարվել և Սահմանադրության ամենամեծ խախտումը։ Կարծում եմ, որ իր դեմ պետք է քրեական գործեր հարուցել և հետապնդել»,-հավելել է նա։
Լուսանկարը՝ Photolure-ի