Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր 3 ջոկատով իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում:
Նշենք՝ ավելի քան երկու շաբաթյա դադարից հետո երեկ որոնողական աշխատանքները վերսկսվել են, 4 ջոկատով աշխատանքներ են տարվել Հադրութի շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:
Ըստ ԱԻՊԾ-ի, Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում երեկվա որոնումներն արդյունք չեն տվել: Սակայն, օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք, որի ինքնությունը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։
Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է զինծառայողի կամ քաղաքացիական անձանց1486 աճյուն: