Այսօր մարտի 1-ի արյունալի դեպքերի 13-րդ տարելիցն է․ 2008 թվականի փետրվարի19-ի նախագահի ընտրությունների պաշտոնական արդյունքներն արժանահավատ չհամարելով՝ քաղաքացիները, Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությամբ, շուրջօրյա խաղաղ հավաքներ էին իրականացնում։ Ոստիկանությունը մարտի 1-ի առավոտյան ուժ կիրառեց Ազատության հրապարակում գիշերած ցուցարարների նկատմամբ։ Հավաքը մեծ թափ ստանալով՝ նույն օրն ավելի ուշ կենտրոնացավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում:
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հրապարակի մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով զոհվեցին Հայաստանի 10 քաղաքացիներ՝ այդ թվում 2 ոստիկան, 100-ավոր մարդիկ հրազենային և այլ բնույթի վիրավորում ստացան:
Արյունալի դեպքերից 13 տարի անց էլ՝ զոհերի մահվան հանգամանքները պարզված չեն:
Ի հիշատակ մարտիմեկյան ողբերգական դեպքերի զոհերի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ։
Նախագահի գնահատմամբ՝ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար:
«Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության, հակասությունները չպետք է վերածվեն անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտի, առավել ևս՝ առճակատման և պառակտման: Ես կրկին բոլորին կոչ եմ անում հանդուրժողականության եւ համերաշխության: Մենք միասնությա՛ն և համերաշխությա՛ն կարիքն ունենք:
Հատկապես այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են մեր պետության ու ժողովրդի համար»,-ասված է Արմեն Սարգսյանի տարածած ուղերձում։
Նշենք՝ նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանում որևէ պարագայում չեն լինելու քաղաքացիական բախումներ, առավել ևս՝ «Մարտի 1-եր»։ Փաշինյանն այսօր, ժամը 18։30-ին, քաղաքացիներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, որտեղ հանրահավաք, այնուհետ երթ է պլանավորած։ Բաղրամյան պողոտայում էլ՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, այսօր ժամը 18։00-ին վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժում»-ն է հանրահավաք հրավիրել։
Հայտարարվել է, թե քաղաքացիներն իրենց «մասնակցությամբ պետք է վերահաստատեն, որ չեն հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու են Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու են մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից։
«Այս իշխանության հեռացումն անխուսափելի է»,-ասված է Շարժման տարածած հայտարարությունում: