ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը սահմանված կարգով կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն կստորագրվի։ Փաշինյանի գնահատմամբ՝ նախագահի՝ այն հետ վերադարձնելու «որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը»:
«Սիրելի հայրենակիցներ.
Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:
Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:
Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ, իր հերթին, տեղեկացնելով, որ ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել են առարկություններ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագծի վերաբերյալ, գրել է.
«Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։
Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»։
https://m.facebook.com/story.php?story_fbid=147345...
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հայտնեց, որ հետ է վերադարձրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի՝ փետրվարի 25-ին ներկայացրած հրամանագրի նախագիծը. իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ եզրակացվել է, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:
Միաժամանակ հիշեցվել է, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների` ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությունից հետո, «ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում»։