ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ինչպես հաղորդվել էր այսօր ավելի վաղ, հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներ Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի, Արծվիկ Մինասյանի և Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ:
Նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ:
«Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր:
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները»,-ասված է տարածած հաղորդագրությունում:
Նշենք՝ երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել նաև Ազգային ժողովի նախագահի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ։
ՀՀ նախագահը նախատեսում է հանդիպել նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ Օնիկ Գասպարյանի հետ, որին պաշտոնից ազատելու առաջարկով Արմեն Սարգսյանին երեկ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախագահը մինչ այս պահը չի ստորագրել փաստաթուղթը՝ հայտնելով, որ, համաձայն Սահմանադրության, երեք օր ունի իր դիրքորոշումն արտահայտելու համար: