Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեռք բերված արդյունքները կկիրառվեն բնապահպանական խնդիրների լուծման նպատակով. այսօր ՀՀ բնապահպանության նախարարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Հայկական առաջին բջջային հեռախոսի՝ Արմֆոնի ստեղծող «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել տեխնոլոգիական լուծումներով միավորել ջանքերն ու կարողությունները՝ հանուն մեր երկրում բնական պաշարների ողջամիտ օգտագործման, անտառների վերականգնման: Ընկերության մասնագետները այդ նպատակին ուղղված ծրագրերի թվում ներկայացրել են բազմակի օգտագործման հայկական առաջին՝ իրենց բնորոշմամբ՝ «խելացի» նոթատետրը: Տեխնոլոգիական լուծումների շնորհիվ համապատասխան գրիչով գրելու դեպքում դրանում գրվածը հետո հնարավոր կլինի ջնջել: Ընկերության մասնագետները դիտարկում են ջնջման ռետինի, ֆենի կամ միկրոալիքային վառարանի մեջ դնելու տարբերակները:
Ընկերությունը դիտարկում է նաև կենսապլաստիկ տոպրակների արտադրության, անտառների վերականգնման գործընթացում նորարարական մեթոդների կիրառման, հնարավորությունները: