Վրաններ, վառարան, թեյ, սուրճ․ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքին հարող տարածքում, եռուզեռ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները գիշերելու են վրաններում։
«Մեր պատմական հայրենիքը 44 օրում նվիրաբերեց, 5000 ջահելներ զոհվեցին, 10 000-ը հաշմանդամ դարձան, դրանից ավելի մեծ աղետ կարա՞ լինի մեր երկրում»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց 70-ն անց մի պապիկը, ով ասաց, թե ինքն էլ ժամանակին ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին ու սխալվել է։
«Իրա ոչ մի ասածին լուրջ վերաբերվել չի կարելի»,-նշեց հավաքված երիտասարդներից մեկը՝ հիմնավորելով, թե ինչու է ուզում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի վարչապետի պաշտոնից։
Տիրող տրամադրությունները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակիրներն այսօր, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո, երթով շարժվել են դեպի Ազգային ժողովի (ԱԺ) շենք։
«Իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում: Մեր շտաբն այստեղ է: Կմնանք այստեղ, թող ինքը գա, թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Կփակենք այս փողոցը, այն չի աշխատելու: Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն, վարչապետին հանեն: Պատրաստվեք՝ ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, մեկը կգնա, մյուս կգա, իրար կփոխարինենք, բայց այստեղ բարիկադներով երկու ծայրից փողոցը կփակենք»,-իր ելույթում ասել էր ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ժողովրդին կոչ անելով չհոգնել, որովհետև ապագա բոլոր սերունդների համար են հիմա պայքարում, նրա ձևակերպմամբ, պատմական պահ է, պետք է լինել խիզախ, տոկուն, համբերատար։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան