ՀՀ կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված պարենային ապահովման չափաքանակներում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծի վերաբերյալ պարզաբանմամբ է հանդես եկել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է. «Զինվորին ծխախոտ տալու և չտալու թեմայով քննարկումների առնչությամբ պարզաբանենք, որ 2008թ. շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաև քաղցրավենիք մարտական դիրքերում: Նոր օրինագիծը, որը առաջ է քաշել ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին: Նրանց օրեկան 20 հատիկ ծխախոտի և համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար: Դա նախ և առաջ առողջ ապրելակերպին է ուղված, հետո նա կարող է ինքը տնօրինել իր գումարը, իսկ եթե այնուամենայնիվ պիտի ծխի, ապա կծխի իր ուզած ծխախոտը»:
Նշենք՝ որ ըստ որոշման նախագծի՝ ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: