«Իրանց արածի մեջ հայի նկատմամբ հայրենասիրություն չի նկատվում, Հայաստանի էս վիճակում ավելորդ ցնցում, որը պետք չի, դրա ժամանա՞կն է հիմա։ Իրանք պտի չաշխատեն, ճիշտ պաշտոնի չեն»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի այսօր տարածած հայտարարությունն այսպես որակեց Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետին աջակցության եկած քաղաքացիներից մեկը։
Նա ընդգծեց, որ որպես կամավոր մասնակցել է պատերազմին և շատ լավ գիտի պատերազմում մեր պարտության պատճառները, որոնք, ըստ նրա, գիտեն նաև հայտարարության հեղինակները․
«Հայտարարություն անողները լավ գիտեն պատերազմում պարտության պատճառները՝ ոնց զենք չեն տվել, ոնց սնունդ չեն տվել և այլն․․․հա՛մ թերանան, հա՛մ էլ․․․շատ ցավալի է, որ մեր բանակը, որ մենք հլը ձեն չենք հանում, ու իրանք են մի հատ էլ հոխորտում»։
Քաղաքացիների կարծիքները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։
Այսօր Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ իր վճռական բողոքն արտահայտելով այդ առնչությամբ։ Վարչապետի քայլը որակելով «անհեռատես և չհիմնավորված»՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պահանջեց վարչապետի և Կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ, որտեղ իր ելույթում համոզմունք հայտնեց, որ շատ գեներալներ և բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունը ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո։ Թեև, նշենք, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը տարածած 2-րդ հայտարարությամբ վերահաստատեց ավելի վաղ հնչեցրած պահանջը՝ ընդգծելով, որ այսօր «առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ, դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը»։
Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակի հարթակից, որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, ՀՀ վարչապետ հրամայեց․
«Զինված ուժերի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին` պարոնա՛յք, զբաղվում եք ձեր գործով` Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականությամբ պահպանմամբ, սա իմ հրամանն է, և որևէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը»։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան