«Բանակի հաշվին հարստացած իշխանությունը դեռևս ունի մի քանի կամակատարներ զինված ուժերում»․ Փաշինյանը ԶՈւ-ին հրամայեց զբաղվել գործով - RadioVan.fm

Онлайн

«Բանակի հաշվին հարստացած իշխանությունը դեռևս ունի մի քանի կամակատարներ զինված ուժերում»․ Փաշինյանը ԶՈւ-ին հրամայեց զբաղվել գործով  

2021-02-25 18:43 , Политика, 1343

«Բանակի հաշվին հարստացած իշխանությունը դեռևս ունի մի քանի կամակատարներ զինված ուժերում»․ Փաշինյանը ԶՈւ-ին հրամայեց զբաղվել գործով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակում էր, ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էր՝ իր ելույթում արձանագրելու, թե որն է Զինված ուժերի կողմից իր հրաժարականը պահանջելու պատճառը։

Նրա դիտարկմամբ՝ երկար տարիներ բանակի հաշվին հարստացած իշխանությունը ՀՀ զինված ուժերում դեռևս ունի մի քանի կամակատարներ, որոնք պետք է հեռանան։

Հրապարակի հարթակից հավաքվածներին ուղղված իր ելույթում Փաշինյանը ներկայացրեց, թե 2018 թվականի հեղափոխությունից հետո ինչ է տեղի ունեցել Կառավարություն-զինված ուժեր հարաբերություններում:

Նրա խոսքով՝ կառավարությունը ոչ մի բան չի խնայել զինված ուժերի համար, հիշեցրեց՝ որ 2019-ին 50 միլիարդ դրամով ավելացվել է ռազմական ծախսերը, պաշտպանական բյուջեն, ավելացվել են բոլոր սպաների, պայմանագրայինների ու շարքայինների աշխատավարձերը:

«Բայց պետք է չթաքցնել, որ բանակում, ցավոք սրտի, այն իշխանությունը, որ երկար տարիներ բանակի հաշվին հարստացել է, դեռևս ունի մի քանի կամակատարներ ՀՀ զինված ուժերում, և նրանք պետք է հեռանան անմիջապես: Ի՞նչ է տեղի ունեցել. նրանք հրապարակներում ինձ փորձում են մեղադրել դավաճանության մեջ: Բա ի՞նչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում, նրանք փաստացի ձեզ են ուզում դավաճանության մեջ մեղադրել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարություններին, թե դեռևս հոկտեմբերին էր զանգում բանակ՝ կոչ անելով իշխանությունը վերցնել:

«Նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի, այլ սեփական ժողովրդի դեմ»,- հայտարարությունը գնահատեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ժողովրդի իշխանությունը ոչ ոք չի կարող դնել կասկածի տակ։

Նրա խոսքով՝ ժողովուրդն այսօր հրապարակում կանգնած է, որովհետև գիտի, թե ովքեր են բանակի ու զինվորի հաշվին հարստացածները։

«Էդ հրապարակներում հոխորտացողները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը էդ ո՞ւմ մասին են խոսում, էդ ո՞ւմ են մեղադրում դավաճանության մեջ: Սա չի նշանակում, թե ես փորձում եմ իմ որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն դնել ուրիշի վրա: Նրանք մեկ տարի է՝ մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը մի քանի օր առաջ մերժվածը հրապարակայնորեն հայտարարում է, որպես հպարտության նշան, որ ինքը համաձայնել էր 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: Բա որ դուք ամեն ինչ պայմանավորվել էիք արդեն ու համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ, բաց նամակով հանդես գայիք, ասեիք՝ գնա, ստորագրի այդ թուղթը: Խոստովանեիք ժողովրդի առաջ»,-ասաց նա՝ հավելելով, որ մենք հավատացել ենք բանակին, մենք հենվել ենք բանակի վրա ու մենք այսօր էլ ենք հավատում բանակին և ժողովուրդը թույլ չի տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսների մեջ:

Վարչապետ Փաշինյանը հորդորեց Զինված ուժերի բոլոր ներկայացուցիչներին զբաղվել ՀՀ սահմանները պահպանելու իրենց առաքելությամբ:

«Որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, ՀՀ վարչապետ իմ հրամանը Զինված ուժերի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին` պարոնա՛յք, զբաղվում եք ձեր գործով` Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականությամբ պահպանմամբ, սա իմ հրամանն է, և որևէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը,- ասաց նա՝ պարզաբանելով,-ինչ է տեղի ունեցել այսօր, այո, մեր բանակին, մեր Զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ, և այսօր ես հստակ գնահատել եմ, որ Գլխավոր շտաբի կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, և ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանում: Բանակը չի կարող ետ տանել, չի կարող թիկունքին նայել, բանակը չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ, բանակը պիտի ենթարկվի, միայն ու միայն ենթարկվի ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը: Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, պետության, ընդդեմ օրինականության, Հայաստանի անվտանգության»։

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտեց հանրահավաքը Հանրապետության հրապարակում։ Նրա առաջարկով ու գլխավորությամբ հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Տիգրան Մեծի պողոտա։

«Մեր կամքը, մեր միասնությունը, մեր վճռականությունը կոռումպացված ռեժիմին չենք զիջելու, թավիշին վերջ է դրվելու, վերջ թավիշին»,- հանրահավաքի ավարտին հայտարարեց Փաշինյանը՝ ընդդիմադիրներին կոչ անելով դադարեցնել անհնազանդության բոլոր գործողություններն ու իր հետ խոսակցություն սկսել։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։

Այսօր Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ, որտեղ իր ելույթում համոզմունք հայտնեց, որ շատ գեներալներ և բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունը ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո։ Թեև, նշենք, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը տարածած 2-րդ հայտարարությամբ վերահաստատեց ավելի վաղ հնչեցրած պահանջը՝ ընդգծելով, որ այսօր «առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ, դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը»։

Այսօր ավելի ուշ հայտարարություն տարածեց ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть