ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժում»-ը ողջունում է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված Ուժերին։
«Այլևս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների և վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների և դրանց հետևանքների մասին գնահատականներ տալը։
Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։
Կո՛չ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին չտրվել այս վարչախմբի սադրանքներին, պահպանել զսպվածություն, սառնասրտություն ու համախմբվել մեր երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ Զինված Ուժերի և Հայոց Բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ։
Կո՛չ ենք անում մեր Ժողովրդին, Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին այսօր՝ ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին, մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը։
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
25․02․2021 թ․»,-ասված է տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի այսօր տարածած հայտարարությունը, որով պահանջվում է իր հրաժարականը, որակելով «ռազմական հեղաշրջման փորձ»՝ իր կողմնակիցներին, հեղափոխության բոլոր կողմնակիցներին, ժողովրդի իշխանության բոլոր կողմնակիցներին 16․00-ին հրավիրել է Հանրապետության հրապարակ։ Ինչպես նշել է նա՝ իր ելույթով արձանագրելու է, թե որն է Զինված ուժերի գլխավոր շտաբի նման քայլի պատճառը։