Գործող և նախկին իշխանության ներկայացուցիչները, պաշտպանության և անվտանգության ոլորտի գործող և նախկին ներկայացուցիչները, դաշտային հրամանատարները և մյուսները շարունակելու են հարցազրույցնե՞ր տալ պատերազմի վերաբերյալ, թե՞ ի վերջո հասկանալու են պարիտետային փաստահավաք հանձնաժողովի կարևորությունն ու քաղաքական կամք են դրսևորելու այն ստեղծելու և բոլորին հուզող հարցերի պատասխանները տալու համար»,-այդ մասին ֆեյսուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով, հիշեցնենք, առաջարկում է պարիտետային փաստահավաք խումբ ստեղծել, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները։
Պատգամավորը, հիշատակելով 1in.am լրատվակայքին ՀՀ վարչապետի տված հարցազրույցից՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրին վերաբերող հատվածը՝ ընդգծում է՝ «Դեռ որքա՞ն ժամանակ ենք փնտրելու ճշմարտությունը»։
Նշենք՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահի Սերժ Սարգսյանի՝ օրերս «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում արած այն հայտարարությանը, թե ինքը «զարմացած է՝ ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել», Նիկոլ Փաշինյանն ընդգծել է․
«Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:
Իսկ հարցազրույցը վարող Նվեր Մնացականյանի հարցին, թե այդպե՞ս են ասում, Փաշինյանը վրա է բերել՝ «Չգիտեմ»։
Մարուքյանի խոսքով՝ «հարց է առաջանում, թե այս դեպքում ինչու՞ է իշխանությունը դեմ պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը, եթե ինքն է ամենաբարձր մակարդակով հարցականի տակ առնում բազմաթիվ կարևոր հարցեր, այդ թվում՝ սպառազինության հարցը»։