Ամուսնացող անձանց ցանկությամբ այսուհետ ամուսնության պետական գրանցումը կարող է հանդիսավորությամբ կատարվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում:
Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատությանն նախարարությունից՝ նշելով, որ նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը, իրապես հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։
«Ամուսնության պետական գրանցումը կատարվում է նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:Ամուսնության հանդիսավոր գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:
Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (Վազգեն Սարգսյան 3)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։