«Ժողովրդի ցասման ալիքը, հետպատերազմական, հետշոկային Հայաստանը մաքրելու է այս քաղաքական գործչին». երթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով - RadioVan.fm

Онлайн

«Ժողովրդի ցասման ալիքը, հետպատերազմական, հետշոկային Հայաստանը մաքրելու է այս քաղաքական գործչին». երթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով  

2021-02-23 20:55 , Политика, 1130

«Ժողովրդի ցասման ալիքը, հետպատերազմական, հետշոկային Հայաստանը մաքրելու է այս քաղաքական գործչին». երթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Որպես արձագանք Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ առավոտյան ակցիա իրականացրած ակտիվիստների նկատմամբ իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառման՝ «Հայրենիքի փրկության շարժման» անդամներն ու համախոհները երեկոյան 18:00-ից հավաքվել էին Հանրապետության հրապարակին հարակից տարածքում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ։

Հիշեցնենք, «Հայրենիքի փրկության շարժման» կոչով այսօր առավոտյան՝ ժամը 11-ին, քաղաքացիները հավաքվել էին ՀՀ կառավարական 3-րդ շենքի առջև՝ խոչընդոտելու վարչապետ Փաշինյանի մուտքը Շրջակա միջավայրի նախարարություն։ Քաղաքացիներին դա անել չէր հաջողվել, քանի որ նախատեսված ժամից շուտ, ոստիկաններն ամբողջությամբ շրջափակել էին տարածքը՝ պատ կազմելով կառավարական 3-րդ շենք տանող մուտքերի տարածքում: Ակցիայի վայրից բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

«Ինչքան ավելանում է իր վախը, ինչքան հասկանում է իր հրաժարականի անխուսափելիությունը, այդքան ավելի կոշտ, նողկալի գործողություններ է կատարում ոստիկանությունը»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց հավաքին ներկա ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կյանքի ընթացքում ինչ ասել է, ինչի դեմ պայքարել է՝ դա անում է:

«Խոսե՞լ է ոստիկանական բիրտ ուժի չկիրառումից՝ կիրառում է, խոսե՞լ է սկզբունքայնությունից՝ անսկզբունք է, խոսե՞լ է՝ երբ որ նկատի ժողովուրդը իրեն չի վստահում՝ կգնա. տեսնում եք ինչպես է աթոռին կպել, սոսնձվել ու չի գնում: Ինքը քաղաքական ձախողակ է, որը հեռնալու է. ժողովրդի ցասման ալիքը, հետպատերազմական, հետշոկային Հայաստանը մաքրելու է այս քաղաքական գործչին»,-ընդգծեց նախկին պաշտոնյան:

«Ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանի տարածքն այսօր իրականում որքան է»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որի խոսքով՝ հիմա ակտիվ հասունացել է իշխանափոխության եզրափակիչ փուլը, երբ ժողովրդի մեծ մասը հասկացել է՝ ինչ է կատարվել և պետք է ապահովվի նրանց ավելի մեծ մասի մասնակցությունը գործընթացներին:

Արամ Մանուկյանի արձանի հարակից տարածքից մեկնարկեց երթ, որի ընթացքում ներկաները պարբերաբար վանկարկում էին «Առանց Նիկոլ Հայաստան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հավելենք՝ դեպի ՀՀ ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթն ավարտվեց Շառլ Ազնավուրի հրապարակում: Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ անդամ Գեղամ Մանուկյանը, ամփոփելով այսօրվա ակցիան, ընդգծեց, որ Երևանի տարբեր համայքներում կայացած ակցիաների մեծ մասը ինքնաբուխ է եղել, ուղղակի երիտասարդները ինքնակազմակերպվել էին։ Ինչ վերաբերվում է հետագա անելիքներին՝ նա հայտնեց, որ վաղը՝ չորեքշաբթի, բողոքի գործողությունները կշարունակվեն, ասաց՝ ժամի և վայրի մասին մանրամասները թող անակնկալ մնան, իսկ հինգշաբթի կլինեն ավտոերթեր Երևանում և Հայաստանի մարզերում:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть