Որպես համարժեք արձագանք այսօր առավոտյան «Հայրենիքի փրկության շարժման» իրականացրած անհնազանդության ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կիրառած անհամարժեք գործողությունների՝ շարժումն այսօր, 18։00-ին, շտապ հավաք է հայտարարել Արամ Մանուկյանի արձանի մոտ («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ), որտեղից կմեկնարկի երթ:
«Այսօր հայրենադավ իշխանության գլխավոր խորհրդանիշի այցը կառավարական 3-րդ մասնաշենք ուղեկցվեց բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների հանդեպ ակնհայտ անհամաչափ ուժի գործադրմամբ։
Հատուկ դիտավորությամբ բռնության ենթարկվեց նաև Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Տասնյակ քաղաքացիներ հաշվեհարդարի ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվելիս:
Հայրենիքին դավաճանածի, թուրքի առաջ ծնկի եկածի վերջին հույսը նրա հլու կամակատար, ոստիկանի կոչումն ու համազգեստն արատավորող, օրենքն ու Սահմանադրությունը ոտնատակ տված մի խումբ հանցագործների վրա է:
Տապալելով սահմանադրական կարգը, ոտնահարելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային պարտավորություններն ու հեղինակազրկելով Հայաստանի Հանրապետությունը՝ ոստիկանապետության ձգտող գլխավոր հանցագործը խուճապի մեջ է:
Բոլոր հանցագործներն անխուսափելիորեն պատժվելու են:
Առնվազն տարակուսելի է իրավական և ժողովրդավարական պետության բնութագիրն աղավաղող, մարդու հիմնական իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լռությունը, այն դեպքում, երբ դրանց պարտավորությունն է հետևել և գնահատել իշխանությունների վարքագիծը:
Սիրելի՛ հայրենակիցներ, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Տե՛ր կանգնենք մեր իրավունքներին, անհատական և հավաքական գործողություններով հեռացնենք պետականության այս սպառնալիքին և հաստատենք ազգային իշխանություն:
Կոչ ենք ուղղում Զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության, Հատուկ քննչական ծառայության և այլ պետական կառույցներում աշխատող հայրենասեր և օրինապաշտ քաղաքացիներին՝ տե՛ր կանգնեք հայ ժողովրդին տված ձեր երդմանը, պաշտպանե՛ք հայրենիքը հանցագործ իշխանություններից, հրաժարվե՛ք նրանց ապօրինի ցուցումների կատարումից, կանխե՛ք պետական տեռորը:
Սիրելի՛ հայրենակից,
այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 18:00-ին, Երևան քաղաքում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, շտապ հավաքի միջոցով վերահաստատենք Հայրենիքը փրկելու մեր վճռականությունը:
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23.02.2021թ.»,-ասված է տարածած հայտարարությունում։
Նշենք՝ «Հայրենիքի փրկության շարժման» կոչով այսօր առավոտյան՝ ժամը 11-ին, քաղաքացիները հավաքվել էին ՀՀ կառավարական 3-րդ շենքի առջև՝ խոչընդոտելու վարչապետ Փաշինյանի մուտքը Շրջակա միջավայրի նախարարություն։
Քաղաքացիներին դա անել չէր հաջողվել, քանի որ նախատեսված ժամից շուտ, ոստիկաններն ամբողջությամբ շրջափակել էին տարածքը՝ պատ կազմելով կառավարական 3-րդ շենք տանող մուտքերի տարածքում:
Ակցիայի վայրից բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։ Իրավապահների հետ քաշքշուկի ժամանակ վնասվածք է ստացել շարժման համակարգող խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանը։ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի փոխանցմամբ էլ՝ ոստիկանների գործողությունների արդյունքում կոտրվել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը։
Այդ առիթով պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանությունը, որում ասված է․
«Տեղեկատվություն է տարածվել, թե ընդդիմության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիցներից մեկի ոտքը։
Հայտնում ենք, որ հիշյալ քաղաքացին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ։
Միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն»։