Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (ԱՀ ԱԺ) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» ԱՀ Ազգային ժողովի հայտարարության տեքստի նախագծի մասին հարցը:
Արցախի խորհրդարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագծի հեղինակ, հիմնական զեկուցող ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը ներկայացրել է հայտարարության տեքստը, որից հետո պատգամավորներն առաջարկել են տեքստում կատարել որոշակի խմբագրում։
Հեղինակն ընդունել է առաջարկը, Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ կողմ է քվեարկել ներկայացված հայտարարության նախագծին, որը կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:
Նշվում է, որ նիստին ներկա են եղել ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ: