ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, անդրադառնալով Boeing 737 օդանավի առևանգման վերաբերյալ շրջանառվող լուրերին, հայտարարություն է տարածել, որում ասված է․
«2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:
Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:
Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել է հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:
Նա, մասնավորապես գրել է․
«Հայկական օդանավի առևանգու՞մ,
Հերթական խաբեությու՞ն,
Թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում.
Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:
Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում:
Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման:
Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:
Մանրամասները հաջորդիվ։
Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում»»։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում: Այն փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռևս անհայտ հանգամանքներում և զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թուլատրել դա, հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները: Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, սակայն իջեցվել է Թեհրանում:
Զուտ հիշեցնեմ, որ ցանկացած ընկերություն (պետություն), որը Իրանին կփոխանցի կամ կվաճառի այն ապրանքատեսակները, որոնք արգելված են ամերիկյան օրենսդրությամբ, կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ:
Այս խառը վիճակում մեզ միայն սա էր պակաս»: