Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը մերժել է պատերազմի մասնակից Ալբերտ Հովհաննիսյանի՝ որպես հայ անհաղթ հրետանավորի հավաքական կերպարի, արձանի տեղադրումը Երևանում․ ահազանգում է Հանրապետական Վերականգնողական Կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը՝ հրապարակելով Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակչի՝ ՀՀ վարչապետին ուղարկված դիմում-առաջարկի և պաշտոնական պատասխանի լուսապատճենները։
Ըստ նախարարության՝ այդ առաջարկի նպատակով 2021 թվականի պետական բյուջեով հատկացումներ նախատեսված չեն։
«Ախր սա ամենաչնչին բանն է, որ պետք է արվի: Բայց չէ, ինչ նեղություն, ալիևը ախր կնեղանա:
Ազեռները օրը մի արձան են դնում իրենց ֆեյք հերոսների, քոչվորից ազգեն կերտում, իսկ մեր տղերքն ուրեմն արժանի չե՞ն մի արձանի…
Պատճառը` փող չկա բյուջեյում»,-ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Նարինե Մանուկյանը։
Հիշեցնենք՝ Ջաբայիլի զորամասի ժամկետային զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանը մեկն է 2020-ի 44-օրյա պատերազմում ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում 100-ավոր անմահացած հերոս հայորդիներից։ Նրա լուսանկարն այդ օրերին ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան լրատվանյութերի լուսանկարների շարքում իր իրույն տեղը զբաղեցրեց՝ որպես թշնամու կրակի դեմ անպարտ հայու ոգով կռիվ տվող, հայ զինվորի հավաքական կերպարի խորհրդանիշ:
Հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը Արցախի Հանրապետության հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը