Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նախօրեին հրապարակել է «Սամադովն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 36606/08) գանգատի վերաբերյալ որոշումը՝ անընդունելի համարելով Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու գանգատը։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության հրապարակումից տեղեկանում ենք, որ դիմումատուն 2008 թվականին ներկայացրած գանգատում պնդել է, որ 1993 թվականին կորցրել է Քարվաճառի շրջանում գտնվող իր անշարժ գույքը, այն դեպքում, երբ նրա՝ սեփականության իրավունքով ենթադրաբար պատկանող տնից հարկադիր տեղահանումից անցել է ավելի քան 15 տարի:
Հաշվի առնելով այդ և նաև այն հանգամանքը, որ 2008 թվականին Հայաստանն ավելի քան 6 տարի առաջ արդեն վավերացրած է եղել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Եվրոպական դատարանը գանգատի ներկայացումը համարել է չափազանց ուշ՝ նույնիսկ հաշվի առնելով դիմումատուի փախստականի կարգավիճակը։