«Գնաճ + գործազրկության աճ»․աշխատաշուկայի խորացող ճգնաժամը պաշտոնական թվերով - RadioVan.fm

Онлайн

«Գնաճ + գործազրկության աճ»․աշխատաշուկայի խորացող ճգնաժամը պաշտոնական թվերով

2021-02-18 16:43 , Экономика, финансы, 1345

«Գնաճ + գործազրկության աճ»․աշխատաշուկայի խորացող ճգնաժամը պաշտոնական թվերով

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը նրեկայացրել է աշխատաշուկայում առկա խորացող ճգնաժամի ցուցանիշները՝ հիմնվելով պաշտոնական վիճակագրության վրա։

Նշվում է, որ ներկայացված ցուցանիշները վերաբերվում են 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, քանի որ աշխատաշուկան բնութագրող 2020 թ. ամբողջական տվյալները դեռևս հրապարակված չեն:

«Այսինքն՝ այս ցուցանիշներով երևացող բացասական միտումները չեն արտացոլում պատերազմի աննախադեպ սոցիալ-տնտեսական հետևանքները»,-ընդգծվում է հրապարակման մեջ:

Ըստ այդմ՝ Թադևոս Ավետիսյանը փաստում է․

«Մինչև պատերազմը մեր երկրի աշխատաշուկան արդեն իսկ մտել էր ճգնաժամի փուլ: Իսկ ճգնաժամի հանգեցնող միտումները հետևանք են այդ նույն ժամանակահատվածում արձանագրված տնտեսական ակտիվության անկման բարձր ցուցանիշի, պետական կառավարման համատարած ձախողումների, անպատասխանատու և պոպուլիստական վարքագծի, COVID-19 համավարակի դեմ հակաճգնաժամային իրական պայքարի բացակայության և տապալման:

2020 թ. առաջին ինը ամիսներին աշխատաշուկայում արձանագրված և խիստ մտահոգիչ պատկերը նաև թվերով՝

- ֆորմալ զբաղվածություն և կայուն եկամուտ ունեցող անձանց թիվը կրճատվել է 41 հազարով՝ 4 տոկոսով,

- եթե հաշվի առնենք, որ շուրջ 6 հազարով էլ կրճատվել է ստվերում աշխատողների թիվը, ապա կստացվի՝ իրականում զբաղված և կայուն եկամուտ ունեցողների (ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածներ) թիվը կրճատվել է 47 հազարով,

- ակտիվ աշխատանք փնտրող գործազուրկների թիվն աճել է 8 հազարով՝ 3,7 տոկոսով,

- աշխատանքային ռեսուրսների թիվը կրճատվել է 5 հազարով, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ զբաղվածությունը կորցրած անձանցից 5 հազարն արդեն արտագաղթել են,

- աշխատուժից դուրս բնակչության թիվն աճել է 28 հազարով՝ 3,4 տոկոսով, այսինքն՝ զբաղվածությունը կորցրած անձանցից 28 հազարն այլևս կորցրել են նաև հույսը և չեն փնտրում աշխատանք, իսկ նրանց հիմնական մասը, բնականաբար, դարձել է անապահովության նպաստ ստացող:

Փաստորեն, ստացվում է.

2020 թ. առաջին ինը ամիսներին շուրջ 47 հազար մարդ կորցրել է իր զբաղվածությունը և կայուն եկամուտը: Նրանց ընդամենը 17 տոկոսն է շարունակում ակտիվ փնտրել աշխատանք, իսկ շուրջ 60 տոկոսը կորցրել է հույսը և այլևս չի փնտրում աշխատանք: Այս անձինք և նրանց ընտանիքները կա՛մ ունեն արտագաղթելու որոշում, կա՛մ արդեն դարձել են անապահովության նպաստ ստացող: Եվ վերջում՝ իրենց քրտինքով ապրելու հնարավորությունը կորցրած անձանց մի մասը (մեր գնահատմամբ՝ շուրջ 5 հազար) արդեն իսկ արտագաղթել է:

Հատկանշական են նաև ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության տվյալները: Մասնավորապես՝ 2020 թ. իրական գործազուրկների ընդամենը քառորդ մասն է դիմել գործակալություն՝ պետական աջակցության նպատակով: Խիստ ցածր այս ցուցանիշը պայմանավորված է նաև զբաղվածության պետական ծրագրերի թերակատարման աննախադեպ բարձր մակարդակով՝ 2018 թ.՝ 75 տոկոս, 2019 թ.՝ 50 տոկոս: Բացասական այս միտումները վերաբերելի են նաև 2020 թ.-ին: Հաջորդ պատճառը այդ աջակցության աննշան արդյունքներն են: Օրինակ՝ պետական այս գործակալության միջոցով աշխատանք փնտրողների ընդամենը 1 տոկոսն է 2020 թ. տեղավորվել աշխատանքի: Այլ կերպ ասած՝ գործակալության շուրջ 300 մասնագետները միջին ամսական կտրվածքով կարողացել են աշխատանքի տեղավորել ընդամենը 800 մարդու՝ ծախսելով նաև զբաղվածության պետական ծրագրերին հատկացված շուրջ 150 միլիոն դրամի չափով պետական բյուջեի միջոցները:

Մտահոգիչ է նաև զբաղվածության պետական գործակալության կողմից հավաքագրվող թափուր աշխատատեղերի էական կրճատման միտումը: 2020 թ. դեկտեմբերին՝ հունվարի համեմատ թափուր աշխատատեղերի թիվը կրճատվել է շուրջ 3 անգամ: Մյուս կողմից էլ՝ թափուր աշխատատեղերի շուրջ 80 տոկոսը կրկնվող են: Այսինքն՝ տարբեր պատճառներով դրանք հնարավոր չի լինում լրացնել և գործատուները այդ աշխատատեղերի մասին տեղեկատվությունը պարբերաբար ներկայացնում են գործակալություն:

Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա պետք է փաստել՝ 2020 թ. միջին աշխատավարձն աճել է ընդամենը 3,4 տոկոսով, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գները միջինում աճել են առնվազն 3 անգամ ավել չափով: Այսինքն՝ աշխատողների իրական եկամուտները շարունակում են նվազել, իսկ աշխատող աղքատների թիվն աճում է:

Աշխատաշուկայի նման իրավիճակին հանգեցնող՝ տնտեսական համակարգում առկա, բացասական միտումները խորանում են: Օրինակ՝ նույնիսկ ՀՀ դրամի մոտ 10 տոկոս արժեզրկման ֆոնին 2020 թ. կրճատվել է նաև արտահանումը՝ շուրջ 4 տոկոսով:

Ամփոփում.

- «նպաստից դեպի աշխատանք»՝ իշխող խմբակի խոստումը ևս երեք տարի անց ունեցավ ճիշտ հակառակ իրական արձանագրումը,

- մեր երկրում ձևավորվում են ստագֆլյացիայի իրական նոր հիմքեր, որը գործնականում դրսևորվում է «գնաճ + գործազրկության աճ»՝ հումանիտար ճգնաժամի տանող բանաձևով»:

Лента

Рекомендуем посмотреть