List.am-ով հեռախոսներ վաճառածները գնորդ Պինխասովայից ստացել են կեղծ փողեր․ գործը դատարանում է - RadioVan.fm

Онлайн

List.am-ով հեռախոսներ վաճառածները գնորդ Պինխասովայից ստացել են կեղծ փողեր․ գործը դատարանում է

2021-02-17 21:36 , Право, 1733

List.am-ով հեռախոսներ վաճառածները գնորդ Պինխասովայից ստացել են կեղծ փողեր․ գործը դատարանում է

Արարատ, Մինաս, Նինա, Մարինե և այլք․ թվարկվածները ՀՀ քաղաքացի, 2001 թվականին ծնված Նաիրա Ներյայի Պինխասովայի խարդախությունների զոհերն են։

Իսկ մեխանիզմը, որի հետևանքով տուժել են քաղաքացիները՝ նույնն է։ Նշյալ անձը համացանցի List.am կայքի միջոցով տեղեկանալով բջջային այս կամ այն հեռախոսի վաճառքի մասին, խաբեության եղանակով այն հափշտակելու դիտավորությամբ, հեռախոսակապի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել դրանք վաճառող անձանց հետ և «գնել» դրանք՝ վճարելով հուշանվեր հանդիսացող, արժեք չներկայացնող տարբեր արժույթների թղթադրամներ։

85.000 ՌԴ ռուբլի, 55.000 ՌԴ ռուբլի, 80.000 ՌԴ ռուբլի, 1300 եվրո, 800 եվրո, 70000 ՌԴ ռուբլի, 1100 եվրո քրեական գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն՝ սրանք մի մասն են այն գումարների, որոնց համարժեք հուշադրամները հեռախոսների դիմաց քաղաքացիներին «վճարել» է Նաիրա Պինխասովան քաղաքացիներին։

Մեղադրական եզրակացության մի դրվագով՝ «Նաիրա Ներյայի Պինխասովան համացանցի List.am կայքի միջոցով տեղեկանալով քաղաքացի Անդրանիկ Աշոտի Բեջանյանի Iphone 11 մակնիշի խոշոր չափի՝ 520.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսի վաճառքի վերաբերյալ հայտարարությանը, խաբեության եղանակով հիշյալ բջջային հեռախոսը հափշտակելու դիտավորությամբ հեռախոսակապի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս հետ դրա գնման հարցի շուրջ։ Ապա՝ 2020 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության պողոտա 24/1 հասցեի դիմաց հանդիպել է Անդրանիկ Աշոտի Բեջանյանին՝ խաբեությամբ վերջինս տվել է հուշանվեր հանդիսացող, արժեք չներկայացնող իբրև 80.000 ՌԴ ռուբլի թղթադրամ և ստանալով խոշոր չափերի՝ 520000 ՀՀ դրամ արժողության բջջային հեռախոսը՝ խարդախությամբ հափշտակել է այն»։

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ նախագահությամբ Նելլի Բաղդասարյանի, դատական նիստ էր նշանակված, որը, սակայն, ամբաստանյալի միջնորդության հիմքով հետաձգվեց։

Ամբաստանյալը նշեց, որ ներկայում ի վիճակի չէ վճարել իր շահերը դատարանում մինչ այդ ներկայացրած փաստաբան Մկրտիչ Վասակյանի ծառայությունների դիմաց և հանրային պաշտպան խնդրեց։

Կողմերը առարկություններ չներկայացրին, միջնորդությունն ընդունվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց 2021 թվականի ապրիլի 13-ին, 10։30-ին։

Ամբաստանյալն, ի դեպ, ներկայացրել էր առանց անձը հաստատող որևէ փաստաթղթի, որը, ինչպես պնդեց նա՝ կորցրել է։ Անձնագիր չուներ նաև տղամարդը, որը ներկայանալով որպես ամբաստանյալի հայր՝ ցանկանում էր ներգրավվել դատական նիստում։

Դատավորը նրանցից պահանջեց հաջորդ նիստին ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր։

Ի դեպ, տուժողներ Մարինե Խանզանդյանի և Նինա Կուցանյանի պնդմամբ՝ դատարանի դահլիճում այսօր ամբաստանյալի կարգավիճակում ներկայացած անձը իրենցից հեռախոս գնած անձը չէ, այլ՝ նրա քույրը։ Սրա վերաբերյալ Նինա Կուցանյանը ցանկանում էր միջնորդություն ներկայացնել։ Դատավորն ասաց դա քննության առաջկա կդառնա հաջորդ դատական նիստերում։

Մարինե Խանզադյանը, ով ամբաստանյալ Նաիրա Պինխասովայի խարդախության շուրջ 1 տասնակի հասնող զոհերից է, դատական նիստից հետո «Ռադիո Վան»-ի հետ զրույցում պատմեց իր հետ կատարվածը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դրամանենգի ծուղակն ընկած քաղաքացիներն այն կարծիքի են, որ պետք է նրա խափանման միջոց ստորագրությունը փոխարինվի կալանքով, քանի որ ձգձգվող դատական նիստերի ընթացքում այլ քաղաքացիներ ևս կարող են տուժել նրա գործողություններից։

Հավելենք, որ ամբաստանյալի կամքով դատական նիստի ընթացքը լուսանկարել, կամ տեսանկարահանել չթույլատրվեց․ Նաիրա Պինխասովան ասաց, թե չի ուզում ինտերնետով երևա։

Տեղեկացում

ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածը սահմանում է

1. Կեղծ փողեր կամ արժեթղթեր` իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) խոշոր չափերով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть