Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացվել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի Հոդված 1-ով առաջարկվում է «Լեզվի մասին» 2013 թվականի ապրիլի 25-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ սահմանելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են՝ գրական հայերենը և ռուսերենը:
Մեկ այլ փոփոխությամբ էլ խրախուսվում է երկրի տարածքում հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը: Հոդված 3-ով ամրագրվում է, որ պաշտոնական խոսքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են պահպանել գրական հայոց լեզվի (կամ ռուսաց լեզվի) անաղարտությունը:
««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը Արցախի օրենսդիրներ Ա. Հարությունյանը, Գ. Բաղունցը և Մ. Հակոբյանը հիմնավորում են հետևյալ կերպ.
«Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը