Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցած ռազմագործողությունների ընթացքում զոհված 106 զինծառայողների աճյուններն անճանաչելի են:
Այդ մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ )՝ ընդգծելով՝ ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից:
Գեչատեսչության փոխանցմամբ՝ Արցախի փրկարարները ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ:
«Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում (առօրյա խոսակցականում՝ морг) է եղել ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նախարարը հավաստիացրել է, որ զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնումների ուղղությամբ ձեռնարկվում է հնարավոր ամեն քայլ, նշելով, որ բանակցություններն առաջիկայում ևս կշարունակվեն: Նա նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ծնողներին, մաղթել ուժ և համբերություն՝ համազգային ցավին դիմակայելու համար»,-ասված է տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ երեկ՝ փետրվարի 16-ին, Արցախի նախագահը հայտնեց, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին:
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ փետրվարի 16-ը ներառյալ, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1485 է: