Սոցապում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրվում է 1 անձ, 2-ն էլ՝ ձերբակալվել են - RadioVan.fm

Онлайн

Սոցապում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրվում է 1 անձ, 2-ն էլ՝ ձերբակալվել են

2021-02-12 17:41 , Право, 1307

Սոցապում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրվում է 1 անձ, 2-ն էլ՝ ձերբակալվել են

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված առերևույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ:

«Քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ պաշտպանված բնակարաններ և փոքր տներ ձեռք բերելու նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՍՊ ընկերության միջև 2019թ. դեկտեմբերի 19-ին կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորվել է նախարարությանը մատակարարել պայմանագով սահմանված տեխնիկական բնութագրով նախատեսված ապրանք, իսկ նախարարությունը պարտավորվել է ընդունել ապրանքը և վճարել դրա դիմաց: Արձանագրվել է, որ ձեռքբերվելիք առանձնատները պետք է պիտանի լինեն բնակության համար, որի վերաբերյալ վերոհիշյալ նախարարության գնումների և տնտեսական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի կողմից տրվել է առանց ամսաթվի թվագրման պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դրական կեղծ եզրակացություն, ըստ որի՝ մատակարարված ապրանքը իր տեխնիկական չափորոշիչներով համապատասխանել է գնման ընթացակարգով սահմանված չափորոշիչներին, սակայն ձեռքբերված առանձնատներն ունեցել են վերանորոգման կարիք և պիտանի չեն եղել բնակության համար»,-մանրամասնում են քննչականից՝ տեղեկացնելով, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախարարության գնումների և տնտեսական հարցերի բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:

Միաժամանակ նշվում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2021թ. փետրվարի 11-ին, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դրդչության կասկածանքով՝ ձերբակալվել են նաև նախարարության գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժնի պետը և կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть