ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որի կոչով այսօր 15։00-ից քաղաքացիները հավաքվել էին Երևանի Ազատության հրապարակում, հայտարարեց, որ այսօրվա հավաքն իր նախաձեռնությամբ է իրականացվում, եկել է հանդիպելու հայրենիքի փրկության հարցով մտահոգ քաղաքացիներին, զրուցելու նրանց հետ, իսկ փետրվարի 20-ին, ըստ նրա, կկայանա ավելի մեծաքանակ հանրահավաք:
«Փետրվարի 20-ին կքննարկենք մեր անելիքները, բայց հրատապ իրավիճակ եղավ, երբ պարզվեց, որ այն, ինչ չէինք հասկանում, թե ինչ է կատարվում Սյունիքում, երբեմն բացատրում էին, որ իշխանությունները պարալիզացված են, այդ պատճառով է դա տեղի ունենում, պարզվեց մեր մեջքի հետևում մի նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված: Դրան ավելացավ այն, որ որոշում ընդունվեց, որ թղթակիցներին թույլ չտան, որ այնտեղ ազատ մեկնաբանեն: Դա կասկած է առաջացնում, որ բացի այդ 6 կետից կան այլ պայմանագրեր էլ: Այսինքն բաներ են տեղի ունենում, որից տեղյակ չենք, մեր հայրենիքը շարունակում է իր ճանապարհը դեպի կործանում»,-հավաքվածներին դիմելով ասաց Մանուկյանը՝ առաջարկելով շարժման իր գործընկերներին առաջիկա շաբաթվա ընթացքում Երևանից 100-ավոր մեքենաներով գնալ Սյունիք՝ հակառակորդին ցույց տալու, որ ժողովուրդը կանգնած է Սյունքի համար։
Նա նաև քաղաքացիներին առաջարկեց Ազատության հրապարակը դարձնել իրենց շտաբը և մինչև փետրվարի 20-ը պլանավորված հանրահավաքը՝ յուրաքանչյուր օր հավաքվել այդտեղ, քննարկել տեղի ունեցողն ու հետագա անելիքները։ Նշեց՝ ինքն անձամբ տարածքում կլինի երկուշաբթի օրվանից, 17։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում։
«Սա մեր շտաբն է։ Նույն արյունը, նույն գաղափարը, նույն սիրտն ունեցող մարդիկ կարող են հանդիպել իրար, իրար ուժ տանք ու միասին գործ անենք»,-ասաց Մանուկյանը՝ շեշտելով, որ այդ տարածքից էլ կուղղորդվի ամբողջ շարժումը։
Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նախօրեին հանդես էր եկել կոչով՝ փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում: Մանուկյանի խոսքով՝ Սյունիքի մասով տեղի են ունենում գաղտնի գործընթացներ, «մի օր կարթնանանք ու կպարզենք, որ այլևս չունենք Սյունիք», և վերահաս վտանգը կանխելու համար ժողովուրդը, ըստ նրա, պետք է ոտքի կանգնի։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը