Որևէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի և դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ այսօր առավոտյան տեղեկացել են, որ «անհայտ չարագործները պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող՝ հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը»:
«Երևանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաև երևանցի լինելու պատվաբեր կոչումը, և որևէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը»,-գրել է քաղաքապետը՝ հուսալով, որ իրավապահ մարմինները արագ և համարժեք արձագանք կտան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տանում։