ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի տեղեկացմամբ՝ մինչև 2025 թվականը առաջին փուլի միջոցառումների շրջանակում նախատեսվում է թվայնացման գործընթացների ստանդարտների տեղայնացում, կիբեռանվտանգության միջազգային ստանդարտների տեղայնացում և այլն:
Կառավարությունից նշում են, որ ռազմավարության իրականացման արդյունքում, մասնավորապես, գյուղական համայնքներում կավելանա բարձրորակ ինտերնետի հասանելիությունը՝ դառնալով 80 տոկոս ներկայիս 40-ի փոխարեն, ՀՀ–ում շուրջ 300 տեսակի ծառայություններ ու 150 լիցենզիաներ հնարավոր կլինի ստանալ առցանց եղանակով։
«Մինչև 2025թ.–ը կառավարությունը բացառելու է ծառայությունների ստացման նպատակով պետական տեղական ինքնակառավարման մարմիններ այցելելու անհրաժեշտությունը։ Իրավաբանական անձանց ու ՏԻՄ–ի հետ հաղորդակցվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Կառավարությունը բացառելու է քաղաքացուց տեղեկություններ ու փաստաթղթեր պահանջելու դեպքերը, եթե նման փաստաթղթերն արդեն առկա են էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում»,-մանրամասնել է Հակոբ Արշակյանը։
Դրանից զատ՝ պետական և համայնքային շուրջ 400 ծառայություններից օգտվելու համար մինչև 2022թ -ը մշակվելու են հեռախոսային հավելվածներ․ ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ առաջիկայում նաև տուգանք է սահմանվելու քաղաքացուց նույն տվյալը պահանջելու համար։
«Մենք ունենք թվային պլատֆորմներ, որտեղ կամ պետությունը, կամ մասնավոր հատվածը միջոցներ են ներդրել, ստեղծել, բայց այդ ծառայություններից օգտվողների քանակը մեծ չէ: Կրկին բոլորիս ուշադրությունն ուզում եմ հրավիրել իրազեկման վրա, որպեսզի մարդիկ ոչ միայն իմանան, որ այդպիսի հնարավորություն կա, այլ իմանան, թե ինչ պետք է անեն այդ հնարավորություններից օգտվելու համար»,-թվայնացման ոլորտի նոր ծառայությունների վերաբերյալ պատշաճ իրազեկման անհրաժեշտության մասին է խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դժգոհելով թվայնացման ներկայում առկա տեմպից։
«Աշխարհում այս առումով հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում և չի կարելի ուղղակի հետ մնալ այդ պրոցեսներից»,-նշել է գործադիրի ղեկավարը՝ հանձնարարելով պատրաստել տեղեկանք՝ անցած տարվա ընթացքում թվայնացված բոլոր հարթակների օգտագործման ծավալների ցուցանիշի վերաբերյալ։