«Արդեն համարում ենք, որ 14 տարեկան երեխան իրավունք ունի սեռական կյանքով ապրելու՞, հա՞»․ պատգամավոր Բագրատյանը՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման նախագծի մասին - RadioVan.fm

Онлайн

«Արդեն համարում ենք, որ 14 տարեկան երեխան իրավունք ունի սեռական կյանքով ապրելու՞, հա՞»․ պատգամավոր Բագրատյանը՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման նախագծի մասին

2021-02-11 19:27 , Политика, 941

«Արդեն համարում ենք, որ 14 տարեկան երեխան իրավունք ունի սեռական կյանքով ապրելու՞, հա՞»․ պատգամավոր Բագրատյանը՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման նախագծի մասին

«Նախատեսում ենք սահմանել ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքը, ՄԻԱՎ-ի վերաբերյալ բժշկական գաղտնիքը տրամադրելու կարգը։ Բացի այդ նախատեսվում է ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն սահմանել այն դեպքերի համար, երբ անձը տեղեկացված է իր մոտ առկա հիվանդության մասին, բայց դիտավորյալ փոխանցում է ՄԻԱՎ-ն այլ անձի»,- ՀՀ ազգային ժողովում (ԱԺ) ներկայացնելով կառավարության հեղինակած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ) առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը՝ ասաց հիմնական զեկուցող առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ընդգծելով, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին և մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:

Նախագծի 14-րդ հոդվածի 1-ի կետի շուրջ առարկություն ուներ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Նշենք՝ ըստ այդ կետի՝ «ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքում հայտնի դարձած բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից տրամադրվում են հետազոտվող անձին, իսկ մինչև 14 տարեկան հետազոտվող անչափահասին՝ օրենքով սահմանված կարգով»:

«Որպես երկու երեխաների մայր՝ ինձ հետաքրքրում է, եթե մինչև 14 տարեկան երեխան, որը ծնողներից գաղտնի այցելում է լաբորատորիա, թեստ է հանձնում ու տեղեկանում իր հիվանդության մասին, դրանից հետո ո՞նց է իրականցնելու իր բուժումը։ Եթե այդ երեխան նույն տրամաբանությամբ շարունակի գաղտնի պահել իր հիվանդությունը, լաբորատորիայի միջոցով կստանա՞ բուժում»,-հետաքրքրվեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ ՀՀ օրենսդրությամբ չափահասության տարիքը 18 տարեկանն է, հետևաբար, հետաքրքրվե նա, մինչև 14 տարեկան երեխաների շրջանում կառավարությունը ո՞նց է իրականացնելու իրազեկումը։

Պատգամավորը հայտարարեց՝ նախագծի քննարկումն իր մոտ վախ է առաջացնում, որ, միգուցե, շուտով ԱԺ նախագիծ բերվի, որ 14 տարեկան աղջիկները կարող են արհեսականորեն ընդհատել հղիությունը։

Քննարկվող նախագիծը շատ վտանգավոր որակեց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Արդեն համարում ենք, որ 14 տարեկան երեխան իրավունք ունի սեռական կյանքով ապրելու՞, հա՞։ Մենք արդեն դա համարում ենք, որ նորմա՞լ է։ Մի հատ էլ թույլ ենք տալիս, որ նա ինքնուրույն գնա ու ստուգի՝ այդ հիվանդությունը կրո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Մենք ընտանիքի մոդելը կվնասենք, ժողովուրդ ջան, մենք շատ թուլացնելու ենք այդ ինստիտուտը»,- հիմնավորեց պատգամավորը։

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ նկատեց, որ նախագծում կա մի կետ, ըստ որի առաջարկվում է քրեական օրենսգրքից հանել անձին՝ ՄԱԻՎ-ով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելու համար տուգանք սահմանելու կետը։

Առողջապահության նախարարն արձագանքեց․

«Մենք 1997 թվականին օրենքն ընդունելիս շատ քիչ տեղեկություն ունեինք ՄԻԱՎ-ի մասին, և խիստ խտրական օրենքներ ենք ընդունել։ Այս պահին ՄԻԱՎ-ն այլևս վտանգավոր չէ մեր համար, կա արդյունավետ բուժում, որը հնարավորություն է տալիս մարդկանց՝ առողջ ու որակյալ կյանքով ապրելու։ Իսկ քրեական պատասխանատվության այդ կետերը խոչընդոտ են հադիսացել ՄԻԱՎ-ի թեստավորում անցնելու համար»։

Թագուհի Թովմասյանի համար պատասխանն անըկալելի էր, նա կրկնեց հարցը․

«Իմ հարցը շատ կոնկրետ էր, արդյո՞ք այդ կետը հանելով խրախուսում եք վարակվելը։ Պատիժներն անընդհատ գնում են մեղմացման, և այդ տենդենցն ինձ, անկեղծ ասած, անհանգստացնում է»։

Ի պատասխան Լենա Նանուշյանը վստահեցրեց, որ իրենց նպատակը ոչ թե խրախուսելն է, այլ, ընդհակառակը, միջավայր ստեղծելն է, որ մարդիկ դիմեն բուժհաստատություններ և հիվանդության հայտնաբերման նպատակով թեստավորվեն։

Ազգային ժողովի նիստում քննարկված այս և այլ հարցերի մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք, որ բուռն քննարկման արժանացած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը և «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը ԱԺ հերթական նիստի ավարտին դրվեց քվեարկության և մերժվեց․ նախագծին կողմ քվեարկեց 45, դեմ՝ 46, ձեռնպահ՝ 10 պատգամավոր։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть