ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որը հրապարակված է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության պաշտոնական կայքում։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․
«Սիրելի՛ ժողովուրդ,
Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր:
Իշխանությունները կայացրել են որոշում, որ այսուհետ Սյունիքի որոշ հատվածներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը:
Երեկ նաև հայտնի դարձավ, որ կա գաղտնի փաստաթուղթ, ըստ որի՝ ի վնաս Հայաստանի որոշվում են Սյունիքի սահմաններն ու նրանով անցնող կոմունիկացիաները: Ի՞նչ այլ գաղտնի և անօրինական փաստաթղթեր կան ստորագրված, դեռևս պարզ չէ:
Կանցնի ժամանակ, և ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը, մի օր կարթնանանք ու կպարզենք, որ այլևս չունենք Սյունիք:
Հիշեք՝ պատերազմից հետո՝ հոկտեմբերի 8-ին, կառավարությունն ընդունեց որոշում, որով արգելեց իրականությունն ասելու իրավունքը:
Արդյունքում 44 օր մեզ խաբեցին, իսկ ճշմարտությունն ասողներին սկսեցին հետապնդել ու քարկոծել: 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը պարզվեց, որ մեր թիկունքում ստորագրվել է կապիտուլյացիոն փաստաթուղթ: Դա սարսափելի հարված էր մեր ժողովրդի համար, որին 44 օր խաբում էին, թե հաղթում ենք:
Այժմ մենք չունենք մեր հայրենիքի մի զգալի մասը, ունենք 5000-ից ավելի զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, հարյուրավոր գերիներ, անհետ կորածներ: Չունենք նաև բանակ, իսկ այն, ինչ մնացել է բանակից, ամեն օր ապացուցում է, որ գոյություն չունի:
Հայաստանն ամեն օր փոքրանում է, մեր տարածքները տնօրինում են օտարները: Իրավիճակը փոխելու ճանապարհին մենք համոզվեցինք, որ չունենք ոստիկանություն, քանի որ այն, ծառայելով այսօրվա իշխանությանը, ծառայում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին:
Այն ամենն, ինչ մեր նախնիները հսկայական ջանքերի և զոհերի գնով ժառանգել են մեզ, կորցրեցինք և շարունակում ենք կորցնել՝ բութ անտարբերությամբ տարված մեր կյանքի մանրուքներով ու բամբասանքներով:
Սիրելի՛ ժողովուրդ, քեզ հիպնոսացրել են:
Ապագա սերունդներն անիծելու են մեզ: Մենք թողնելու ենք ժողովրդի մի ստրկացած հատված այս տարածքում, որը դեռ կոչվում է Հայաստան, իսկ մնացածը ցրվելու են աշխարհով մեկ՝ դառնալով պանդուխտ:
Արթնացի՛ր, ժողովուրդ, համարձակվի՛ր երկրի ապագան վերցնել քո ձեռքը, հակառակ դեպքում այն կվերցնեն Թուրքիան ու Ադրբեջանը՝ այս իշխանությունների ձեռքով:
Մի՛ սպասեք քաղաքական կուսակցությունների քայլերին: Բոլոր ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դո՛ւք եք որոշում երկրի ապագան:
Կո՛չ եմ անում վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում և որոշել մեր անելիքը: Մեր աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը:
Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, թե, բացի հայտնի երկու փաստթաթղթից, կա՞ կնքված երրորդ փաստաթուղթ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև առանց Ռուսաստանի միջնորդության, հայտարարել էր․
«Ես առանց Ռուսաստանի միջնորդության որևէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։ Եւ, բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին վերաբերող, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը, դա կրկին միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»։
Երեկ նաև հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի սահմանային վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու համար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ունենան ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։