ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ:
Այդ մասին այսօր տարածած հայտարարությամբ ընդգծում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի շարունակվող սպառնալիքների, միջազգային կանոններին կոպիտ խախտումներով մեխանիկական մոտեցումներով սահմանների «որոշման» հաշվին:
«Ադրբեջանական զինվորականների ներկայությունով շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները կամ լրջորեն վտանգած են դրանք (սեփականության խախտումներ, կրակոցներ և այլն), խաղաղ կյանքն ու անդորրը:
Հետևաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ առավել ևս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը բոլոր հարթակներում իրականացվում է հենց այս հիմնարար հայեցակարգով»,-ասված է ՄԻՊ տարածած հայտարարությունում:
Մեկ այլ հայտարարությամբ ՀՀ օմբուդսմենը ընդգծել է, որ գյուղացիների իրավունքների, նրանց խաղաղ ու բնականոն կյանքի հարցերը սահմանային վեճերի լուծման գործընթացում պետք է ունենան առաջնային նշանակություն:
«1920-ական թթ., օրինակ, Խորհրդային Հայաստանի սահմանային բնակավայրերում հայ գյուղացիներին մշտապես անհանգստացնող խնդիրներից են եղել ադրբեջանական տարածքներից (նաև հետագայի Կարմիր Քուրդիստանից) ավազակախմբերի հարձակումներն ու թալանը, կենդանիների գողությունները, հայ գյուղացիներին ադրբեջանական հողատերերի կողմից հողեր վաճառելը ու հետո դրանք անօրինական հետ պահանջելը և այլն:
Օրինակ՝ 1922 թ. հուլիսի 3-ի Զանգեզուրի գավգործկոմի ՀՍԽՀ Կենտրոնական գործադիր կոմիտեին ուղղված զեկուցագրում նշված է, որ առանց Ղուբաթլուի հետ Զանգեզուրի գավառի հողային և վարչական սահմանների հարցը շտապ լուծելու «նորմալ կյանք և բարյացակամ հարաբերություններ լինել չեն կարող»: 1925 թ. երկրորդ կեսին Զանգեզուրի գավգործկոմի Հայկենտգործկոմին ուղղված մի քանի զեկուցագրերն են այս մասին վկայում՝ կապված նույն պատճառներով Կապանի և Ղուբաթլուի միջև սահմանային վեճերի խնդրի հետ: Նման հարցեր բարձրացվել են 1926 թ. հոկտեմբերի 18-ին ՀԽՍՀ հողագործության ժողկոմատի հողվարչությանն ուղղված զեկուցմամբ և այլն:
Պատմական փաստաթղթերը վկայում են, որ ադրբեջանական տեղական վարչակազմերը և Ադրբեջանի ԿԳԿ-ն Զանգեզուրի սահմանամերձ բնակավայրերում ապրող հայ գյուղացիներին մշտապես տեղի-անտեղի մեղադրել են սահմանախախտումների և սեփական տարածքում ոչ օրինական գործունեություն ծավալելու մեջ: Այս ամենին մշտապես նպաստել են սահմանային վեճերը, գյուղացիների նկատմամբ ադրբեջանական սադրանքները:
Ըստ էության, սրանք Խորհրդային Հայաստանի տարածքները բռնազավթելու եղանակներից են եղել:
Պատմական այս կարևոր փաստերից պետք է դասեր քաղենք և մի քանի պաշտպանող մակարդակով մեր օրերում երաշխավորենք Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքները»,-ասված է ՄԻՊ տարածած հայտարարությունում: