ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Վերջին ժամանակաշրջանում մեր հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է իշխանավեճի թեմաներով, որի պատճառով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները, անտեսված են մարդկանց վերաբերող իրական գերակայությունները:
Պետության քաղաքական համակարգը նրա համար չէ, որ իշխանավեճով զբաղվի:
Քաղաքական համակարգն իր իշխանական և ոչ իշխանական կուսակցություններով ու ուժերով պետք է ծառայի մարդուն, նրա խնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանության իրական գերակայություններին ու մարդու համար լինի կանխատեսելի: Պետք է ճիշտ նախանշել այդ գերակայությունները և հանրային քննարկումներն ուղղել այդ ուղղությամբ՝ անկախ քաղաքական զարգացումներից կամ հեռանկարներից:
Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը՝ որպես պետության ինստիտուտներ, պետք է իրենց նախաձեռնությունների կամ գործողությունների հիմքում դնեն մարդու իրավունքների արդիական, հանրությանն անհանգստացնող գերակա հարցեր՝ յուրաքանչյուրն իր կարգավիճակի սահմաններում: Այս դեպքում հանրային քննարկումն էլ կշարժվի հենց այդ ուղղությամբ:
Այդ կերպ է իշխանությունը հանրությանը ցույց է տալիս իր քայլերն իրական խնդիրների առնչությամբ, իսկ ընդդիմությունը նույն սկզբունքով իշխանության նկատմամբ այդ հարցերով ապահովում է պատշաճ վերահսկողություն:
Վերջապես, հասարակությունն էլ տեսնում է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը զբաղված են իր առօրյա, իրական խնդիրներով, այլ ոչ թե իշխանավեճի նեղ թեմաներով, որ իր իրավունքների հարցերը բոլորի իրական ուշադրության կենտրոնում են, այլ ոչ անտեսված են ու գտնվում են հանրային քննարկման լուսանցքում:
Ուստի, բոլորին կոչ եմ անում սթափվել:
Մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. խախտված կամ լրջորեն վտանգված են սահմանային բնակիչների կենսական իրավունքները, նրանց համար իրենց վերաբերող հարցերում այդպես էլ կանխատեսելիություն չի ապահովվում, Հայաստանին ադրբեջանական իշխանությունները սպառնում են նոր պատերազմով ու մեր երկրի բնակչության մասին խոսում են սպառնալիքների լեզվով, անհրաժեշտ է գործադրել պատասխանատվության ընթացակարգեր մեր հայրենակիցների նկատմամբ ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների համար, պետք է երաշխավորել մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքները և այլն:
Այս և այլ գերակայություններ պետք է լինեն յուրաքանչյուր կողմի նախաձեռնության կամ ծրագրի հիմքում՝ անկախ քաղաքական որևէ հայացքից կամ կարգավիճակից:
Վերջապես, այդ կերպ կհաստատենք, որ մեր երկրում ամեն ինչ արվում է ի շահ մարդու ու իրավունքի գերակայության և որ առաջնայինը մշտապես տարբերվում է երկրորդայինից»: