«Աշխարհը պետք է քայլեր ձեռնարկի՝ ազատելու Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին»․ լեհ քաղաքական գործիչը դիմել է Մակրոնին, Պուտինին, Բայդենին - RadioVan.fm

Онлайн

«Աշխարհը պետք է քայլեր ձեռնարկի՝ ազատելու Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին»․ լեհ քաղաքական գործիչը դիմել է Մակրոնին, Պուտինին, Բայդենին

2021-02-08 18:54 , Политика, 1303

«Աշխարհը պետք է քայլեր ձեռնարկի՝ ազատելու Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին»․ լեհ քաղաքական գործիչը դիմել է Մակրոնին, Պուտինին, Բայդենին

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ խնդրելով միջամտել հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների համար նախագահ Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում:

Լեհ գործիչն ընդգծել է, որ Ալիևը, որպես պետության ղեկավար և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կատարել է մարդկության դեմ փաստաթղթերով հաստատված հանցագործություններ և ռազմական հանցագործություններ ընդդեմ հայերի՝ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում՝ «Պատերազմի զոհերի պաշտպանության Ժնևյան կոնվենցիաների (1949 թ.)՝ լրացուցիչ արձանագրություններով» (1977 թ.), Հաագայի հռչակագրերի (1899 թ.), Ցամաքային պատերազմի սկզբունքների մասին Հաագայի չորրորդ կոնվենցիայի (1907), քիմիական և գազային զենքի օգտագործման արգելքի մասին արձանագրության(1925) հիման վրա:

Բուչեկը, միաժամանակ, Մակրոնին խնդրել է արգելել Իլհամ Ալիևի, նրա ամբողջ ընտանիքի և ադրբեջանցի բարձրաստիճան անձանց մուտքը Ֆրանսիա և Եվրամիություն:

Օրեր առաջ էլ լեհ գործիչը հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և այլ անձանց ազատ արձակելու խնդրանքով դիմել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին։

Պաշտոնական նամակներում նա հիշատակել է 19-ամյա Էրիկ Խաչատուրյանին, ով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում գերեվարվել և նվաստացվել է ադրբեջանցի զինվորականների կողմից։ Լեհ գործիչն ընդգծել է, որ տղայի մասին փետրվարի 3-ին իրեն ուղարկված նամակով տեղեկացրել է նրա մայրը՝ ստեփանակերտցի Արմինեն, որը Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ կորցրել է ամուսնուն և ավագ որդուն, իսկ, ահա, կրտսեր որդին՝ 19 տարեկան Էրիկը, գերի է ընկել և բանտարկված է Ադրբեջանում:

Բուչեկը նշել է, որ տիկին Արմինեին վստահեցրել է, որ ամեն ինչ կանի Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին ազատելու համար:

«21-րդ դարում աշխարհը չի կարող ընդունել մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը` կապված նրանց արժանապատվության հետ: Աշխարհը պետք է քայլեր ձեռնարկի՝ ազատելու Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին»,-ԱՄՆ նախագահին հղած նամակում շեշտել է լեհ քաղաքակա գործիչը՝ հավելելով, որ ինքը պայքարում է ճշմարտության համար, իսկ Արցախը, որը պայքարում էր անկախության համար, հայկական սուրբ հողի մի փոքրիկ կտոր է:

Լեհ գործիչը նամակներին կից ուղարկել է նաև օրինակներ՝ հայերի դեմ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին իր հրապարակած գրքույկի, որի առաջին օրինակը նա փետրվարի 1-ին ուղարկել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին։

Հիշեցնենք՝ Արցախի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին, ի նշան այդ օրերի ողբերգության և պատերազմի ընթացքում միասնականության, Թոմաշ Լեխ Բուչեկը հայտարարել էր Լեհաստանում Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե ստեղծելու մասին։ Լեհ քաղաքական գործիչն այնուհետ Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարած ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու նպատակով ստորագրահավաք սկսեց։

Լեհ գործիչը միաժամանակ հայտնել էր, որ հավաքում է Արցախի դեմ Բաքվի ռազմական հանցագործությունների վերաբերյալ բոլոր փաստերը, որոնք մեկտեղվելու են 40 էջից բաղկացած գրքույկում, որը կհրատարակվի և կուղարկվի միջազգային կազմակերպություններին և առանձին քաղաքական գործիչների: Բուչեկն ընդգծել էր, որ իր աշխատանքը նվիրում է Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին՝ պահանջելով ազատ արձակել նրանց: Հունվարի 20-ին ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ Բուչեկը հայտնել էր, որ Բաքուն իրեն առաջարկել է 50 հազար ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ այդ երկրի ռազմական հանցագործությունների մասին գրքույկը չհրատարակելու համար:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть