ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ԱԻՆ ՃԿՊԱ) մասնագետները անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու գիտահետազոտական աշխատանքներ են նախաձեռնել:
Գերատեսչությունից հայտնում են, որ հունվարի 27-ին և 28-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մատույցներում կազմակերպվել է ԱԹՍ-ի առաջին դաշտային փորձարկումը:
«Ապարանում փորձարկվել է երեք սցենար. անտառում մոլորված մարդու, մթության մեջ տեղանքում չկողմնորոշված և մոլորված մարդու և ձյան շերտի տակ հայտնված մարդու որոնում: ԱԹՍ-ն հաջողությամբ գտել է անտառում և մթության մեջ մոլորված մարդկանց: Արդյունքը դրական է, բայց դեռ կատարելագործման տեղ ունի: Մասնավորաբար, կախված անտառի խտությունից, պետք է կարգավորել ԱԹՍ թռիչքի բարձրությունը: Կամ՝ ԱԹՍ-ի բարձրախոսով հայտարարություն տարածել. «Եթե մեզ լսում եք, մի քանի քայլ առաջ-հետ, ձախ-աջ շարժվեք»: Եթե մոլորվածը վնասվածքներ ունի և չի կարող շարժվել, կարող է նստած-պառկած դիրքով որևէ շարժում անել: Այս դեպքում ԱԹՍ-ն ավելի արագ կգտնի մոլորվածին, կկրճատվի որոնման ժամանակը: ԱԹՍ-ն հագեցած է հատուկ տվիչներով, հաղորդիչներով և կորածին, մոլորվածին, տուժածին հայտնաբերելուն պես տվյալները իրական ժամանակում հաղորդում է տեղի ճգնաժամային կառավարման կենտրոն:
Ձյան շերտի տակ մնացած մարդու որոնման հարցում առայժմ դրական արդյունք չկա: Աշխատանքները շարունակվում են: Փետրվարի 4-8-ը անօդաչու թռչող սարքը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու դաշտային փորձեր կարվեն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մատույցներում:
Աշխատանքների արդյունքում կձևավորվի անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու մոդել, որը կարող է օգտակար լինել փրկարարներին»,-մանրամասնում են գերատեսչությունից՝ հավելելով, որ ԱԹՍ-ն կարող է բարձր արդյունավետությամբ աշխատել ոչ միայն աղետներից հետո որոնողափրկարարական աշխատանքներում, այլ նաև մոլորված արշավախմբերին և զբոսաշրջիկներին օգնության հասնելու հարցում, ուստի գիտահետազոտական աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոսներ, այնպես էլ՝ զբոսաշրջային անվտանգության դասախոս, ծրագրավորող, տեխնիկ-հրահանգիչ: