Պետական կառավարչական և տեղական ինքնակառավարման մարմիններին տարածական տվյալներով ապահովելու համար Կադաստրի կոմիտեն գործարկել է ազգային գեոպորտալը:
«Գեոպորտալում ներառված են ՀՀ համայնքների էլեկտրոնային կադաստրային քարտեզների բազային շերտերը (կադաստրային թաղամաս, հողամաս, շենքեր), թեմատիկ շերտերը (հողային ֆոնդը՝ ըստ նպատակային և գործառնական նշանակությունների և սեփականության սուբյեկտի), համայնքների վարչատարածքային սահմանները, հասցեները, աշխարհագրական անվանումները, ենթակառուցվածքները, ավտոճանապարհները, 2014 թվականին իրականացված օրթոֆոտոհատակագծերը, արբանյակային նկարները, ռելիեֆը և այլն։
Համակարգում ներդրված բազմաշերտ տեղեկատվությունը թույլ է տալիս միևնույն միջավայրում համադրել տարբեր շերտեր և իրականացնել մասնագիտական/ոլորտային վերլուծություններ։
Գեոպորտալում առկա է անշարժ գույքի միավորների որոնման հնարավորություն հետևյալ հատկանիշներով՝
● Կադաստրային ծածկագիր
● Մակերեսի միջակայք
● Ընտրված տարածք
● Հասցեով»,-մանրամասնում են Կադաստրի կոմիտեից՝ նշելով, որ սկզբնական փուլում կադաստրային քարտեզները գեոպորտալում ներկայացվելու են պարբերական թարմացումներով, սակայն նոր քարտեզագրական բաղադրիչի ներդրմամբ շուտով հնարավոր կլինի ապահովել քատեզների դինամիկ թարմացում։
Ներկայումս 153 բնակավայրերի կադաստրային քարտեզներ վարվում են առցանց ռեժիմով, հետագայում գեոպորտալի միջոցով ինքնաշխատ եղանակով քարտեզագրական տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենան նաև ՀՀ քաղաքացիները և իրավաբանական անձինք։
Ընդգծվում է, որ նախատեսվում է կրճատել տեղեկատվության ստացման ժամանակը և սակագները։