Նոր պարեկային ծառայության քննություններն անցած 770 սովորողից 87-ը ազատման զեկուցագիր է ներկայացրել, ինչու՞. նախարարությունը «Ռադիո Վան»-ին պարզաբանել է - RadioVan.fm

Онлайн

Նոր պարեկային ծառայության քննություններն անցած 770 սովորողից 87-ը ազատման զեկուցագիր է ներկայացրել, ինչու՞. նախարարությունը «Ռադիո Վան»-ին պարզաբանել է

2021-02-04 18:23 , Право, 2094

Նոր պարեկային ծառայության քննություններն անցած 770 սովորողից 87-ը ազատման զեկուցագիր է ներկայացրել, ինչու՞. նախարարությունը «Ռադիո Վան»-ին պարզաբանել է

ՀՀ ոստիկանության նոր Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ընդունելության եռափուլ ստուգումն անցած և 5-ամսյա դասընթացներում ընդգրկված 770 անձանցից 87-ը ս.թ. փետրվարի 3-ի դրությամբ ազատման զեկուցագրեր են ներկայացրել:

Այդ մասին «Ռադիո Վան»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Թեև, նկատենք, ՀՀ ոստիկանական կրթահամալիրի պաշտոնական կայքում հունվարի 29-ին՝ դասընթացների 10-րդ օրվան անդրադարձ կատարող հրապարակման մեջ, շարահրապարակի ամբողջական պատկերն արտացոլող լուսանկարում պարեկային ծառայության սովորողներն անզեն աչքով ավելի պակաս են հաշվվում, քան ներկայացվող թիվն է, որն, ըստ նախարարության, փետրվարի 3-ի դրությամբ՝ 683 է։

Նշենք՝ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ հրամանագրված սովորողներից շատերը ազատման դիմումները ներկայացրել էին ս.թ. հունվարի 18-ին մեկնարկած դասընթացների առաջին իսկ օրերից, մինչդեռ, հունվարի 26-ին ՀՀ արդարադատության նախարարություն այցելած ՀՀ վարչապետին զեկուցվել էր, որ «Պարեկային ծառայության համակարգում ընդգրկվելու նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցելու նախնական հայտերի թիվը գերազանցել է 2 հազար 5 հարյուրը, նրանցից 770-ի հետ, որոնք անցել են եռափուլ ստուգումը, կնքվել է պայմանագիր»:

Նույն օրը՝ հունվարի 26-ին, ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանին հետևյալ հարցերն էինք հասցեագրել.

1. Ինչու՞ է վարչապետին իրականությունը թերի ներկայացվել։

2. Այս պահին թվով քանի՞սն են ազատման զեկուցագրեր գրել, և ինչպե՞ս են պատրաստվում լրացնել թափուր տեղերը։

3. Վեր հանե՞լ են, թե ինչ պատճառ-հիմնավորումներով են քննությունների փուլերը հաղթահարած անձինք հրաժարվել/ում ընդգրկվել ձևավորվելիք նոր համակարգում։ Եթե այո, ապա որո՞նք են դրանք (ազատման դիմում ներկայացրած անձանցից մի քանիսը, չցանկանալով հրապարակել իրենց անունները, մեզ հետ զրույցում նշել էին, որ այդքան բաղձալի համակարգում ընդգրկվել չցանկանալու պատճառը պայմանագրային կետերի թերի իրագործումն է եղել, օրինակ այն, որ չի իրականացվել մարզերի բնակիչներին, կարիքի դեպքում, կացարան տրամադրելու պայմանագրային պարտավորությունը, պայմանագրում նշված չի եղել նաև աշխատավարձի չափը ու, ոչ պակաս կարևոր մեկ փաստարկում՝ նոր որակի, արժեհամակարգի ներդրման նպատակով ձևավորվող համակարգում հին բարքերն են դրսևորվել․ սովորողների նկատմամբ անհարգալից ու կոպիտ վերաբերմունք: Այս պատճառներից որևէ մեկը նախարարության պատասխանում առկա չէ-խմբ.):

4. Կա՞ հստակ ժամանակահատված, թե 5-ամսյա վերապատրաստման կրթական ծրագրից հետո բաց մրցույթով ընտրված ծառայողները երբ կանցնեն իրենց լիազորությունների իրականացմանը՝ բուն աշխատանքին, այն դեպքում, երբ նախապես հայտարարված ժամանակացույցը խախտված է (ըստ Ձեր գերատեսչության հրապարակումների՝ Երևանում «Պարեկային ոստիկանություն» ծառայությունը առաջին կադրերի համալրումից և ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո պետք է գործարկվեր 2021 թվականի առաջին եռամսյակում, ապա՝ Շիրակի և Լոռու մարզերում, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում էր ծառայությունը տարածել ամբողջ հանրապետությունում)։

Օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում այսօր՝ փետրվարի 4-ին, ստացել ենք հետևյալ պատասխան-պարզաբանումները.

1. Ս.թ. հունվարի 26-ին ՀՀ արդարադատության նախարարություն կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացվել է ոստիկանության բարեփումների ընթացքը մասնավորապես՝ նոր Պարեկային ծառայության կազմավորման, ընդունելության ամփոփման, դասընթացների մեկնարկի ու այլ գործընթացների հետ կապված մանրամասներ: Այս համատեքստում Պարեկային ծառայողների 770 թվաքանակը, որը տեղ է գտել մամլո հաղորդագրության մեջ, հիմնվում է ս.թ. հունվարի 18-ի դրությամբ հրամանագրված սովորողների թվաքանակի վրա:

Քննարկմանը վարչապետին ամենայն մանրամասնությամբ ներկայացվել են նաև ընթացիկ խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման հնարավորություններն ու քայլերը։

2. Ս.թ. փետրվարի 3-ի դրությամբ ազատման դիմում է ներկայացրել 87 սովորող։ Թափուր տեղերի լրացման համար արդեն իսկ հրամանագրվել են մրցութային բոլոր երեք փուլերը հաջողությամբ հաղթահարած այլ դիմորդներ, ովքեր ըստ ընդունելության կարգի, ավելի ցածր մրցութային միավորներ էին ստացել:

3. Հրաժարված բոլոր անձանց հետ անհատական հանդիպումներ են կազմակերպվել թե´ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, թե´ ՀՀ արդարադատության նախարարությունում: Յուրաքանչյուր անձի հետ քննարկվել են իրենց որոշման պատճառներն ու հիմքերը, որոնք կարելի է ամփոփել հետևյալ հիմնական խմբերով.

- Անձնական ֆինանսական պատճառներ, այսինքն՝ կրթության 5 ամսվա ընթացքում տրամադրվող պարտադիր ֆինանսական բավարարման (քաղաքացիական անձանց դեպքում) կամ առանց պարգևավճարի զուտ աշխատավարձի պահպանման պայմաններում (ոստիկանության գործող ծառայողների դեպքում) ընտանիքի կարիքները հոգալու անհնարինություն,

- Նոր պարեկային ծառայության վերաբերյալ ակտիվորեն տարածվող կեղծ լուրերի ազդեցությամբ կայացված որոշում (առ այն, որ ծառայության ներդրումն անորոշ ժամկետով հետաձգվում է, կամ որ հայտարարված վարձատրությունը չի ապահովվելու, կամ որ ծառայությունը չի գործարկվելու և այլն)։

Բոլոր հարցերը խմբավորվել ու մանրամասն քննարկվել են ՀՀ ոստիկանության ու ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար անձնակազմի ու համապատասխան ստորաբաժանումների հետ: Բոլոր ուղղություններով անմիջապես ձեռնարկվել են համապատասխան քայլեր, բուն կրթական գործընթացն ու գործընթացի կազմակերպական կողմն ամենօրյա մշտադիտարկման ներքո է:

4. Ըստ ՀՀ կառավարության 23.04.2020թ. «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 638-Լ որոշման՝ նախատեսված է Երևան քաղաքում Պարեկային ծառայության ներդրում 2021 թվականի առաջին կիսամյակում: Այդ նպատակին հասնելու համար դասընթացի մեկնարկը ծրագրված էր 2020թ հոկտեմբերի վերջին երկուշաբթիից, ծառայության մեկնարկը՝ 2021թ ապրիլից։ Սակայն դիմորդների ընտրության գործընթացն ամփոփվել է փաստացի ռազմական դրության պայմաններում՝ 2020թ հոկտեմբերին։ Այդ պահին բոլոր փուլերը հաջողությամբ հաղթահարած սովորողներից շատերը գտնվում էին մարտական հերթապահության մեջ, ապա նաև անցնում առողջության վերականգնման պրոցես։ Սովորողները ֆիզիկապես և կազմակերպական առումով հասանելի են եղել միայն 2020թ. դեկտեմբերին։ Նման հանգամանքներում կրթական գործընթացը սկսվել է 2021թ. հունվարի 18-ից և կավարտվի հունիսին։ Ծառայության մեկնարկը (բուն աշխատանքի անցնելը) նախատեսված է հուլիսից։ Այսպիսով, ռազմավարության պլանավորումից ժամկետի շեղումը կկազմի երեք ամիս։

«Ռադիո Վան»-ի հարցումը և նախարարության պատասխանը՝ ստորև:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականի դեկտեմբերի 5-ին ամփոփված «ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքներով՝ պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով հնգամսյա դասընթացներին մասնակցելու հնարավորություն է ստացել 770 դիմորդ՝ 52 իգական սեռի, 436-ը՝ քաղաքացիական անձինք, 282-ը՝ ոստիկանության ծառայողներ:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть