ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին, հայտնում են նախարարությունից:
Նախարարն ասել է, որ հայ մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ։
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակներում»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:
Հիշեցնենք՝ հունվարի 20-ին հողորդվել էր, որ քննարկվել և որոշվել է չմերժել «COVAX FACILTY» նախաձեռնության շրջանակներում երկրորդ պատուհանի ընթացքում առաջարկված COVID-19-ի դեմ բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերման հնարավորությունը:
2020 թվականի նոյեմբերի 21-ին էլ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստանին՝ որպես նվիրատվություն, տրվել էին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չնայած «Սպուտնիկ V» պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ընթացքում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները, այնուամենայնիվ այդ պահին դեռ գրանցված չի եղել, բնակչության շրջանում վստահության բարձրացման և հնարավոր շահարկումներից խուսափելու նպատակով՝ առաջինը պատվաստվել է Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը՝ արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ: